Շփման գծում Ադրբեջանի ՌՕՈւ ակտիվության շուրջ

Ապրիլի 21-ին Արցախի ՊԲ-ն հայտնեց հարավային ուղղությամբ ադրբեջանական ԱԹՍ խոցելու մասին: Հայտարարությունում, սակայն, կար նաև մեկ այլ ուշադրության արժանի կետ․ նշվում էր, որ վերջին շրջանում հաճախակի են դարձել շփման գծին հարակից տարածքներում հակառակորդի օդային ուժերի կողմից իրականացվող թռիչքները, որոնք կրում են ինչպես ուսումնավարժական, այնպես էլ հետախուզական բնույթ:

Թեև այս թռիչքները կարող են պայմանավորված լինել այդ պահի օպերատիվ իրավիճակով, կամ պլանային ու ոչ պլանային վարժանքներով, այնուամենայնիվ կարծում ենք, որ ընդհանուր պատկերում Ադրբեջանի ռազմական ղեկավարության նպատակային գործողությունների և քաղաքականության արդյունք է, իսկ շփման գծին մոտ թռիչքների ավելացման միտման(թրենդի) հիմքերը դրվել էին տարիներ առաջ:

2018-ին Razm.info-ի հրապարակած «Ռազմաքաղաքական հանդեսի» 1-ին համարի «Ադրբեջանի օդանավակայանները» հոդվածում գրել էինք ուղղաթիռների առաջնային տեղակայման օդանավակայանների մասին: Դրանք կառուցվել կամ վերակառուցվել են վերջին 5 տարիների ընթացքում, տեղակայված են շփման գծի երկայնքով՝ 30–40 կմ խորության վրա՝ (հյուսիսից-հարավ) Մինգեչաուրի մոտ, Եվլախում, Աղջաբեդիում և Բայլականում:

Ռազմական գործողությունների ժամանակ հիմնական ավիաբազաներից այս ցատկահարթակներ տեղափոխվելով՝ Ադրբեջանի ՌՕՈւ մարտական և տրանսպորտային ուղղաթիռները հնարավարություն են ստանում ակտիվ աջակցություն ցուցաբերել մարտի մեջ մտած ադրբեջանական ցամաքային բրիգադներին, լուծել էվակուացիոն և մարտավարական այլ խնդիրներ:

Այս ցատկահարթակների առկայությունն արդեն իսկ ենթադրում էր, որ շփման գծին մոտ Ադրբեջանի ՌՕՈւ թռիչքները օբյեկտիվորեն կարող են ավելանալ։

Նույն հոդվածում մենք անդրադարձել էինք նաև Թանրիղուլուլարի նախկին ավիաբազային, որի տարծքում կառուցվել էին հրետանային խոշոր զորամասեր և կառուցվում էին անգարներ։ Այն ժամանակ մենք ենթադրել էինք, որ Թանրիղուլուլարում նունպես կտեղակայվի ուղղաթիռային կամ, հնարավոր է նաև, ԱԹՍ-ների բազա։ Մեր այս կանխատեսումը հետագայում հաստատվեց․ անգարների կառուցումից հետո այնտեղ իսկապես տեղակայվել են հարվածային ու տրանսպորտային ուղղաթիռների խառը էսկադրիլիա և ԱԹՍ-ներ։

Ավելին՝ վերջին շրջանի մեր դիտարկումները ցույց են տալիս, որ նման միտում կա նաև հարավում՝ Բայլականում, որտեղ նույնպես տեղակայվել է հարվածային և տրանսպորտային ուղղաթիռների խառը էսկադրիլիա: Ի դեպ, 2016 թվականի ապրիլյան կռիվներում խոցված ադրբեջանական Մի-24G ուղղաթիռը ռազմական գործողություններից առաջ Բաքվից տեղափոխվել էր հենց այս՝ Բայլականի ցատկահարթակ:

Բացառված չի, որ այս ցատկահարթակներում ուղղաթիռները տեղակայվել են ժամանակավորապես կամ ռոտացիոն սկզբունքով՝ կապված զորավարժությունների կամ պլանային ուսումնական թռիչքների հետ։ Սակայն այս պահին մենք ավելի հավանական ենք համարում, որ դրանք մշտական են տեղակայված, այսինքն՝ այդ օդանավակայանները ցատկահարթակներից դարձել են մշտական տեղակայման ավիաբազաներ։

Եթե մեր այս ենթադրությունը ճիշտ է, ապա դա կարող է նշանակել, որ Ադրբեջանն իր բանակային կորպուսներին կցել է ուղղաթիռային մեկական խառը էսկադրիլիա։ Տվյալ դեպքում Բայլականում տեղակայվածը կցված է 2-րդ կորպուսին, իսկ Թանրիղուլուլարում տեղակայվածն ամենայն հավանականությամբ կցված է 1-ին կորպուսին։ Այս պահին տվյալներ դեռ չունենք, բայց 3-րդ կորպուսի էսկադրիլիան, հավանաբար, պետք է փնտրել Դալլարի ավիաբազայում (կարող են լինել նաև այլ տարբերակներ)։

Այս իրավիճակը մի շարք նոր մարտահրավերներ է ստեղծում հայկական բանակի համար։ Բացի ամենաակնհայտից, որ դրանով մեծացել են ադրբեջանական կորպուսների մարտական կարողությունները, ուղղաթիռների տեղակայումը և պարբերական թռիչքները նաև նշանակում են, որ դրանք մեր համար կդադարեն լինել արտասովոր, ըստ այդմ՝ դա նաև զգոնությունը թուլացնող գործոն է։ Նկատենք, որ նմանատիպ իրավիճակ արդեն եղել է 2016թ․ ապրիլյան գործողություններից առաջ, երբ 2014 թվականից զրահատեխնիկայի տեղաշարժերի ինտենսիվության ավելացումը պատճառ դարձավ, որ պատերազմի նախապատրաստության աշխատանքներն աննկատ մնան։

Սակայն մյուս կողմից սա նաև հնարավորություն է։ Ինչպես նշեցինք, ուղղաթիռների այդ բազաները տեղակայված են ռազմաճակատի գծին համեմատաբար մոտ․ 30-40կմ հեռավորության վրա։ Սա հնարավորություն է տալիս դրանք խոցել կանխարգելիչ հարվածով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *