«Թեոդոր Ռուզվելտ» ավիակրի անձնակազմից ավելի քան 800 հոգի վարակված է COVID-19-ով

Ավարտվել է ամերիկյան «Թեոդոր Ռուզվելտ» ավիակրի ողջ անձնակազմի թեստավորումը. այս մասին հայտնել է ԱՄՆ նավատորմի ներկայացուցիչը։ Նավի անձնակազմը անցնում է 4000 հոգուց։ Կորոնավիրուսը հաստատվել է 840-ի մոտ, որոնցից 88-ը ապաքինվել են։ Հիվանդներից մեկը ավելի վաղ մահացել էր։

Այս մասին հայտնում է ամերիկյան «Fox News» գործակալությունը:

Նավում վարակակիրների առկայության մասին հայտնի էր դարձել մարտի վերջին, երբ նավի կապիտան Բրեդ Քրոյզերը ղեկավարությունից շարունակաբար պահանջել էր տարհանել նավի անձնակազմը, քանի իրավիճակը ավելի չէր բարդացել։ Ղեկավարությանը գրած նրա նամակներից մեկը հայտնվել էր լրատվամիջոցների ձեռքում։ Հրամանատարը նամակում առաջարկում էր շուրջ 4 հազարին էվակուացնել նավից և ենթարկել 14 օրյա կարանտինի, իսկ անձնակազմի մյուս մասին թողնել նավի վրա՝ այն ախտահանելու և միջուկային ռեակտորն «աշխատեցնելու» համար։

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը, չնայած նավի հրամանատարի խնդրանքներին, հրաժարվել էր նավաստիներին էվակուցանել այն ժամանակ, իսկ կապիտանը հեռացվել էր պաշտոնից։

Ավելի ուշ, այնուամենայնիվ, անձնակազմի 88%-ը տարհանվել էր: Ամերիկյան Ռազմածովային ուժերի հրամանատարությանը դեռևս հայտնի չէ, թե որն էր նավում վարակի բռնկման պատճառը։ Սկզբում ենթադրվում էր, թե վիրուսը նավ էր թափանցել Վիետնամի նավահանգիստներից մեկից։ Իսկ այժմ ենթադրվում է, որ զինծառայողները վարակվել են մատակարարում իրականացնող թռիչքային անձնակազմից։ 

Այս պահին հայտնի տվյալներով՝ ԱՄՆ զինված ուժերում Covid-19-ով վարակվածների թիվը գերազանցում է 5400-ը, որոնց մեծ մասը՝ 1252 հոգի, ռազմածովային ուժերում ծառայող զինվորականներ են:

Ավելի վաղ նոր կորոնավիրուս էր հայտնաբերվել նաև Ֆրանսիական «Շարլ դը Գոլ» ավիակրի անձնակազմից 668 հոգու մոտ:  

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *