Կանադայի կառավարությունը անորոշ ժամանակով արգելք է սահմանել Թուրքիային զենք և սպառազինություն մատակարարելու համար։ Արգելքը պայմանավորված է Սիրիայի հյուսիսում թուրքական ռազմական գործողության մեկնարկով։ Այն տարածվում է ինչպես ծանր, այնպես էլ թեթև զինտեխնիկայի, զինամթերքի, պաշտպանիչ հանդերձանքի և էլեկտրոնիկայի վրա։
Այս մասին հայտնում է CBC գործակալությունը։
2019թ․ հոկտեմբերի 9-22-ը Թուրքիան Սիրիայի հյուսիսարևելյան շրջաններում, այդ թվում՝ Ռաս ալ-Այնում, քրդական «Սիրիայի ժողովրդավարական ուժերի» (SDF) և «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների»՝ (YPG) դեմ սկսել էր «Խաղաղության ակունք» (Barış Pınarı Harekatı) կոչվող ռազմական գործողությունը։
Գործողությունը քրդերի դեմ սկսվեց, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարեց, որ չի միջամտելու թուրքերի գործողություններին և դուրս է բերելու իր զորքերը Սիրիայի հյուսիսից: ԱՄՆ դուրս գալու հայտարարություններից հետո Թուրքիայի դեմ պայքարում քրդական ուժերին օգնության հասան Սիրիայի կառավարական ուժերը՝ SDF հետ ձեռք բերած համաձայնության շրջանակներում։
Հրադադար հաստատվեց միայն հոկտեմբերի 22-ին, երբ Ռուսաստանի Սոչի քաղաքում Էրդողանն ու Պուտինը ստորագրեցին 10 կետից բաղկացած համաձայնագիր, որով քրդական ուժերը պետք է հետ քաշվեին 30 կմ խորությամբ։ Քրդերը պետք է ազատեին սիրիական Թել Աբյադ և Ռաս ալ-Այն շրջանները։ Բացի այդ՝ համաձայնագրի 6-րդ կետրով YPG-ն պետք է ազատեր նաև Մանբիջն ու Թել-Ռիֆաթը։
Ըստ համաձայնագրի՝ թուրք-սիրիական սահմանի Սիրիայի հատվածում 10 կմ խորությամբ, թուրքական գործողության շրջանների արևմուտքում և արևելքում, բացառությամբ՝ Ղամիշլիի, ռուս-թուրքական զորքերն սկսելու էին համատեղ պարեկային ծառայություններ։