ԱՄՆ զինված ուժերում COVID-19-ով վարակվածների թիվը անցել է 5000-ը

Ապրիլի 20-ին Պենտագոնի տարածած հայտարարության համաձայն՝ ԱՄՆ զինված ուժերում նոր տեսակի կորոնավիրուսով վարակված զինծառայողների թիվը հասել է 5335-ի՝ մեկ շաբաթում ավելանալով 600-ով: Զինված ուժերում մահերի հաստատված թիվը 22 է:

Այս մասին հայտնում է ամերիկյան Federal news network լրատվակայքը:

Վարակակիրներց 3438-ը զորքերում ծառայող զինվորականներ են, որոնցից 97-ը հոսպիտալացվել է, իսկ 859-ը՝ ապաքինվել, ևս 837 վարակակիր կա զինված ուժերի քաղաքացիական ծառայողների շրջանում:

Վարակի ամենաշատ դեպքերը գրանցվել են ԱՄՆ ռազմածովային ուժերում՝ 1240 դեպք, այնուհետև ԱՄՆ բանակում՝ 819, Ազգային գվարդիայում՝ 672, ռազմաօդային ուժերում՝ 330, ծովային հետևակում՝ 250 դեպք: Եվս 127 վարակակիր զինծառայող կա Պենտագոնի գործակալությունների կազմում: 

Հիշեցնենք, որ մարտի 31-ին հայտնի էր դարձել Գուամի ափերի մոտ գտնվող ամերիկյան «Թեոդոր Ռուզվելտ» ավիակրի անձնակազմում վարակակիրների առկայության մասին: Այժմ նրանց թիվը շուրջ 700 է, նավաստիներից մեկը մահացել է: 

Ամերիկյան «Թեոդոր Ռուզվելտ» ավիակիրը
Ամերիկյան «Թեոդոր Ռուզվելտ» ավիակիրը

Նոր տեսակի կորոնավիրուս է հայտնաբերվել նաև Ֆրանսիական «Շարլ դը Գոլ» ավիակրի անձնակազմից 668 հոգու մոտ:  

Մարտի 13-ին Պենտագոնը երկիրը լքելու մասնակի և խիստ արգելք էր սահմանել զինված ուժերի զինծառայողների համար՝ 2 ամիս ժամկետով:

Ուշագրավ է ռուսական «Ռազմավարությունների և տեխնոլոգիաների վերլուծական կենտրոն»-ի (Центр анализа стратегий и технологий-ЦАСТ) փորձագետ Միխայիլ Բարաբանովի դիտարկումն այն մասին, որ անգամ աշխարհի ամենաթափանցիկ բանակները, ինչպիսիք են ամերիկյանը, ֆրանսիականը, բրիտանականը, խուսափում են ներկայացնել զինված ուժերում կորոնավիրուսի մասին իրական տվյալները: Միևնույն ժամանակ, որոշ մանրամասներով հանրությանն են ներկայացվում այնպիսի ցայտուն դեպքեր, ինչպիսիք են վերոհիշյալ ավիակրերի անձնակազմների վարակումը և այլն: Նշվում է, որ նման գաղտնիությունը ունի ակնհայտ պատճառ՝ հիվանդների մասին տեղեկատվությունը կարող է պատկերացում տալ մարտական ​​արդյունավետության անկման մասին: Փորձագետի պնդմամբ՝ պարզապես պետք չէ թաքցնել կայազորերում և ռազմական ուսումնարաններում վարակի առկայության փաստը, ինչը կարևոր է կարանտինային միջոցառումներ իրականացնելու տեսանկյունից: 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *