Ապրիլի 21-ին ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված ՀՕՊ ստորաբաժանումները, հավաստանշելով ադրբեջանական «Օրբիտեր» տիպի ԱԹՍ-ի մուտքը Արցախի օդային տարածք, բերվել են համապատասխան աստիճանի և ժամը 13:07-ի սահմանում խոցել այն:
Այս մասին հայտնում է Արցախի ՊՆ կայքը: Չի նշվում, թե խոցվածը «Օրբիտեր» ԱԹՍ-ների որ մոդելն է: Ադրբեջանում կան Orbiter-2M, Orbiter-3, Orbiter-4 հետախուզական և Orbiter-1K հարվածայի անօդաչու թռչող սարքեր:
Հաղորդագրությունում նշվում է նաև, որ վերջին շրջանում հաճախակի են դարձել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտ զորքերի շփման գծին հարակից տարածքներում հակառակորդի օդուժի թռիչքները, որոնք կրում են ինչպես ուսումնավարժական, այնպես էլ հետախուզական բնույթ: Նշված գործողություններում, բացի տարբեր տեսակի մարտական ինքնաթռներից և ուղղաթիռներից, ներգրավվում են նաև անօդաչու թռչող սարքեր, որոնք ի տարբերություն առաջինների, հաճախ փորձում են հետախուզական նպատակներով ներթափանցել Արցախի օդային տարածք: