Իրանի ռազմաօդային ուժերը համալրվել են տեղական արտադրության 3 տեսակի հարվածային անօդաչու թռչող սարքերով (ԱԹՍ): ԱԹՍ-ների անվանումները իրանական կողմը դեռևս չի հայտնել:
Այս մասին հայտնել է Իրանի պաշտպանության նախարար Ամիր Հաթամին, փոխանցում է պաշտոնական IRNA լրատվական գործակալությունը:
Ինչ վերաբերում է դրանց մարտավարատեխնիկական բնութագրերին, ապա նախարարը, ըստ պաշտոնական հրապարակման, բավական ընդհանրական մեկնաբանություն է արել՝ չմանրամասնելով թե կոնկրետ որ ԱԹՍ-ն ինչ հնարավորություններ ունի:
Ըստ դրա՝ ԱԹՍ-ները կարող են հետևել հակառակորդի շարժին զգալի հեռավորության վրա և ունակ են մարտական խնդիրներ կատարել: Նշվում է, որ ԱԹՍ-ները կարող են կրել ռումբեր, հրթիռներ, գործել՝ մինչև 13,716 մետր բարձրության վրա և 1500 կմ շառավղով:
Ավելացնենք, որ ցուցադրված ԱԹՍ-ները վիզուալ առումով բավական նման են Իրանի սպառազինությունում արդեն իսկ եղած այլ ԱԹՍ-ների, օրինակ՝ «Աբաբիլ-3» և «Քարար» ԱԹՍ-ների: