«Մոսկվան» վերադառնում է ծով

Ռուսաստանի Հարավային ռազմական շրջանի կազմի մեջ մտնող Սևծովյան նավատորմի ֆլագման «Մոսկվա» հրթիռային հածանավը վերանորոգումից հետո մայիսին դուրս կգա ծով։

Այս մասին հայտնում է «Իզվեստիան»։

«Մոսկվան» Սևծովյան նավատորմի ամենամեծ ու հզոր ռազմանավն է, այն վերանորոգվում էր 2018 թվականից։ 2019 թվականին նավը փորձնական նավարկության նպատակով կարճ ժամանակով դուրս եկավ ծով։

«Մոսկվան» առաջին անգամ ծով է դուրս եկել 1979 թվականին։ «Ատլանտ» նախագծով պատրաստված երեք ռազմանավերը՝ «Մոսկվան», Խաղաղօվկիանոսյան նավատորմի ֆլագման «Վարյագ» և Հյուսիսային նավատորմի «Մարշալ Ուստինով» հրթիռային հածանավերը առ այսօր ծառայում են ՌԾՈւ-ին։ Մյուս երկու նավերը 2011-18 թվականներին են անցել արդիականացում։

«Մոսկվան» զինված է Ս-300Ֆ ՀՕՊ համալիրով, 2014 թվականին մասնակցել է ուկրաինական նավատորմի բլոկադային և Սիրիայում ռազմական գործողություններին։ Պատմական անցյալում՝ 1989 թվականի դեկտեմբերին, հածանավը նաև ապահովել է Մալթայում կայացած ԽՍՀՄ և ԱՄՆ ղեկավարներ Միխայել Գարբաչովի և Ջորջ Բուշ ավագի հանդիպման անվտանգությունը։

ՌԴ ԶՈւ ռազմածովային ուժերի Սևծովյան նավատորմի «Մոսկվա» գվարդիական հրթիռային հածանավը
ՌԴ ԶՈւ ռազմածովային ուժերի Սևծովյան նավատորմի «Մոսկվա» գվարդիական հրթիռային հածանավը

Այժմ ռուսական նավատորմը թարմացնելու աշխատանքներ են տարվում։ Այս տարի սպասվում է, որ ռազմածովային ուժերը կստանան «Կնյազ Վլադիմիր», «Կնյազ Օլեգ», «Կազան» և «Նովոսիբիրսկ» ատոմային սուզանավերը, դիզելային «Վոլխով» սուզանավը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *