Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որոշմամբ 2019 թ. նոյեմբերի 1-ից դեկտեմբերի 1-ը պարտադիր զինծառայության անցած զորակոչիկների զինծառայությունը երկարաձգվել է 1 ամսով։ Այս որոշմամբ հետաձգվել է 66 հազար զինծառայողի՝ մայիսին նախատեսված զորացրումն ու ևս 53 հազարի զորակոչը։
Այս մասին որոշումը հրապարակվել է Թուրքիայի պաշտոնաթերթ Resmî gazete-ում։
Նշենք, որ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը զինծառայողների զորացրումն ու նոր զորակոչը հետաձգելու առաջարկը նախագահին էր ներկայացրել ապրիլի 14-ին։ Մինչ այդ պահը Թուրքիայի զինված ուժերից հայտնել էին 223 վարակակրի, այդ թվում՝ մեկ քաղծառայողի* մահվան մասին։
*Թուրքիայի ԶՈւ-ում ներգրավված քաղծառայողները մի շարք օրենքներով հաշվառվում են որպես զինծառայող և ենթակա են ռազմական օրենսդրությանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հետաձգվել էին Թուրքիայի ցամաքային զորքերում պայմանագրային զինծառայության դիմորդների ընտրությունները։