COVID-2019-ով հիվանդ 6 զինծառայողները դուրս են գրվել, կան այլ վարակվածներ․ գնդապետ

Այսօր՝ ապրիլի 13-ի դրությամբ, զորամասում, որտեղ նոր կորոնավիրուսի 6 դեպք էր գրանցվել, մեկուսացվածների թիվը 0 է։ 6 զինծառայողներն էլ կրկնակի թեստավորումից հետո դուրս են գրվել և անցել ծառայության։

Զորանոցային ռեժիմին անցած անձնակազմը նույնպես թեստավորվել է, կորոնավիրուս չի հայտնաբերվել։ Զորամասը անցել է բնականոն ծառայության։ Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Սահակ Օհանյանը


Նրա խոսքով՝ պայմանագրայիններից բացի, հայկական բանակում կորոնավիրուս է հայտնաբերվել նաև ժամկետային զինծառայողների մոտ։ Նրանցից 3-ը բուժվել են։ Արցախի տարածքում զինծառայողների շրջանում որևիցե դեպք չի գրանցվել։

Գնդապետը նշեց, որ ՀՀ ԶՈւ կորպուսներում հիվանդացածների թվաքանակը հրապարակելու կարիք չի տեսնում՝ վստահեցնելով, որ թիվը չնչին է՝ համեմատած Հայաստանում ընդհանուր թվաքանակի հետ։ Ընդհանուր թեստավորվել է 165 զինծառայող, բացասական պատասխանների թիվը գերակշռում է։ Ծանր կամ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող և արհեստական շնչառական սարքին միացված զինծառայողներ չկան։

Ավելի վաղ հայտարարվել էր բանակում վեց զինծառայողի վիրուսակիր լինելու մասին։ Նրանք բոլորը ծառայում են նույն և մարտական խնդիրներում չներգրավված զորամասում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *