Զինծառայողներին ֆինանսական աջակցման միասնական հարթակ է ստեղծվել

Ապրիլի 5-ից պաշտոնապես մեկնարկել է «Հանուն վիրավոր զինվորների» (HelpHeroes.am) կայքի աշխատանքը։ Այս մասին հայտնել է նախագծի հեղինակ Արմեն Թավադյանը:

Ծրագրի հիմնական շահառուներն են վիրավորված այն զինծառայողները, որոնք չեն հանդիսանում ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին ՀՀ օրենքով սահմանված կարգով «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի (www.1000plus.am) շահառու, օրինակ՝ երրորդ կարգի հաշմանդամություն ունեցողները։

Կայքը տալիս է հնարավորություն միասնական հարթակի ձևաչափով կազմակերպել առցանց դրամահավաքներ: Այն իր տեսակի մեջ միակն է Հայաստանում։

Կան նման արտասահմանյան հանրահայտ հարթակներ, օրինակ՝ gofundme.com կայքը, սակայն այդ տիպի հարթակներում դրամահավաքներ կարող են անել միայն որոշ երկրների քաղաքացիներ (օր․՝ GoFundMe կայքում ընդամենը 19 երկրի, որոնց թվում Հայաստանը չկա)։ Այդ պատճառով մեր հայրենակիցները ստիպված էին դրամահավաքներ կազմակերպելու համար դիմել ԱՄՆ-ում բնակվող իրենց ծանոթներին, իսկ եթե այդպիսիք չէին գտնվում, ապա ստիպված դրամահավաքն իրականացվում էր առձեռն տարբերակով:

HelpHeroes.am-ը հնարավոր է դարձնում համակարգված և թափանցիկ ձևով նվիրաբերությունները հասցնել իրենց հասցեատերերին։ Բացի տեխնիկական խնդիրներից նախատեսվում է, որ կայքը կփարատի նաև նվիրաբերություն կատարելու ցանկություն հայտնող անձանց այն մտահոգությունները, որոնք կապված են դրամահավաքի արժանահավատության, գումարների նպատակային օգտագործման և չարաշահման հնարավոր ռիսկերի հետ:

Դրամահավաքի հայտերի սահմանված ձևաչափը արդեն իսկ ենթադրում է ամբողջական տեղեկատվության մուտքագրում, եթե օրինակ դրամահավաքը իրականացվում է առողջական խնդիր լուծելու համար, ապա հայտատուի կողմից ներկայացվում են նաև համապատասխան բժշկական փաստաթղթերը: Իրական ժամանակում հնարավոր է տեսնել թե պահանջվող գումարից որքանն է արդեն հավաքագրվել և թե ովքեր են կատարել նվիրաբերությունները, եթե իհարկե դրանք անանուն տարբերակով չեն կատարվել, ինչը նույնպես հնարավոր է:

Յուրաքանչյուր դրամահավաք համակարգի կողմից ստանում է անհատական համար, որով արդեն ծրագրում և բանկում տարվում է առանձնացված հաշվառում և դրամահավաքի ավարտին հավաքագրված գումարը տրամադրվում է շահառուին:

Ըստ Արմեն Թավադյանի՝ հավաքված գումարից գանձումներ չեն արվում կայքի ադմինիստրատիվ ծախսերի համար, ինչը ևս մեկ առավելություն է արտասահմանյան հարթակների համեմատ։ Օրինակ՝ GoFundMe հարթակը հավաքված գումարից 2.9% է գանձում ադմինիստրատիվ ծախսերի հատուցման համար։

Ինչ վերաբերում է բանկային միջնորդավճարներին, ապա ՀՀ բանկային հաշիվներից արված փոխանցումները նույնպես ազատված են դրանցից։ Իսկ արտասահմանյան բանկերից փոխանցումների համար միջնորդավճարները նախագծի գործընկեր «Էվոկա» բանկը հաշվարկելու է գործող նվազագույն սահմանաչափերով:

Կայքի կառավարումը իրականացնելու է «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» բարեգործական ՀԿ-ն, որը ղեկավարում է Հայկուհի Մինասյանը, որը նաև 2018թ.-ից կոորդինացնում է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը: Նա արդեն մի քանի տարի է զբաղվում է վիրավոր զինծառայողների խնդիրներով, դրանց լուծմանը տրամադրելով իր գրեթե ամբողջ ժամանակը և ուժերը: Կայքի ծրագրային ապահովումը և տեղեկատվական անվտանգությունը` հնարավոր կիբեր հարձակումներից խուսափելու համար, հասարակական հիմունքներով ստանձնել է IT Security կազմակերպությունը:

Կայքում արդեն իսկ տեղադրվել է մի քանի դրամահավաքի հայտ։ Օրինակ՝  2016 թվականի ապրիլին վիրավորված Հովհաննես Գասպարյանը վարսավիրական գործ է սովորում և դրամահավաքից ստացված գումարով նախատեսում է իր հայրենի Մասիս քաղաքում հիմնել վարսավիրանոց:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *