Լիբիայում երեք օրում առնվազն չորս թուրքական ԱԹՍ է խոցվել

Մարտի 30-ից ապրիլի 1-ը Լիբիայում Խալիֆա Հաֆթարի գլխավորությամբ գործող «Լիբիայի ազգային բանակը» կրկին խոցել է «Ազգային համաձայնության կառավարության» ուժերի առնվազն չորս թուրքական Bayraktar TB 2 հարվածային անօդաչու թռչող սարք (ԱԹՍ)։

Դրանցից երկուսը խոցվել են Տրիպոլի քաղաքում, մեկը՝ Միսրաթա ավիաբազայում, որտեղ էլ տեղակայվում են Թուրքիայից ուղարկված ԱԹՍ֊ները, մյուսը՝ Ալ֊Աժիլաթ կոչվող բնակավայրում։ Տեղեկությունները հայտնել է «Լիբիայի ազգային բանակի» պաշտոնական էջը, մասնավորապես՝ մարտի 31-ին աղբյուրը հայտնում էր խոցված երեք ԱԹՍ-ի մասին․

Այսօր՝ ապրիլի 1-ին, «Լիբիայի ազգային բանակը» հայտնել է ևս մեկ Bayraktar-ի խոցման մասին՝ Ալ֊Աժիլաթ կոչվող բնակավայրում։ Նշենք, որ հրապարակմանը կցված ԱԹՍ-ի լուսանկարը այսօրվա չէ, այն թեև Լիբիայից է, սակայն արվել է շատ ավելի վաղ:

Հիշեցնենք, որ բացի զինտեխնիկայի աջակցությունից, Թուրքիան հունվարին զորքեր է ուղարկել Լիբիա՝ որպես «Ազգային համաձայնության կառավարությանը» օգնություն։ Հունվարի 28-29-ին՝ Լիբիայի հարցով բեռլինյան կոնֆերանսում ձեռք բերած համաձայնությունից 10 օր անց, թուրքական երկու ռազմանավ Լիբիա էր հասցրել թուրք զինծառայողների, բացի այդ՝ ևս մեկ բեռնատար նավ մատակարարել է զինտեխնիկա։


Լիբիայում 2011թ․ քաղաքացիական պատերազմից հետո այժմ գործում է երկու կառավարություն։ Երկրի արևելքում Տոբրուք քաղաք-կենտրոնով գործող ուժը Աքիլյա Սալեհ Իսայի գլխավորությամբ ընտրվել է 2014-ին և հենվում է գեներալ Խալիֆա Հաֆթարի հրամանատարությամբ գործող «Լիբիայի ազգային բանակի» (Libyan national army) վրա։ Հաֆթարի ուժերը «Ազգային համաձայնության կառավարության» դեմ 2019թ․ ապրիլից վերսկսել են պայքարը։ 

«Ազգային համաձայնության կառավարությունը» Տրիպոլի քաղաք-կենտրոնով, ՄԱԿ-ի և Եվրոպայի աջակցությամբ 2015 թվականից իշխում է արևմուտքում՝ Ֆաիզ ալ-Սարաջի ղեկավարությամբ: Բացի այս, երկրում գործում են նաև այլ ընդդիմադիր ուժեր:

Թուրքիան աջակցում է Հաֆթարի դեմ կռվող «Ազգային համաձայնության կառավարությանը»:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *