Նոր կորոնավիրուսի տարածման պատճառով Ռուսաստանում գարնանային զորակոչի որոշ միջոցառումներ հետաձգվել են։ Զորակոչը մեկնարկում է ապրիլի 1-ին, սակայն նորակոչիկները Զինված ուժերը կհամալրեն մայիսի 20-ից ոչ շուտ։
Այս մասին հայտնել է ՌԴ ԶՈւ ԳՇ զորակոչային վարչության պետ գեներալ-գնդապետ Եվգենի Բուրդինսկին։ Փոխանցում է ՌԴ ՊՆ «Կռասնայա զվեզդա» թերթը։ Գարնանային զորակոչին Զինված ուժերը համալրելու էր 135 հազար նորակոչիկ։
«ՏԱՍՍ» գործակալությունն էլ հայտնում է, որ Սանկտ-Պետերբուրգում զինվորական կոմիսարիատը դադարեցրել է աշխատանքները։
Հարկ է նշել, որ դեռևս մարտի 20-ին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել էր, որ զորակոչը չի հետաձգվելու, իսկ նորակոչիկները կմնան առանձնացած՝ մինչև նրանց մոտ չբացառվի վիրուսի առկայությունը։
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի տարածման կանխարգելման համար գարնանային զորակոչը հետաձգվել է նաև Ադրբեջանում, Վրաստանում և Ուկրաինայում: