«Ռոստեխ» պետական կորպորացիան նոր կորոնավիրուսի դեմ պայքարի համար ստացել է արտադրանք մատակարարելու մենաշնորհ։ Ընկերությունը այժմ հիվանդությունն ախտորոշող լաբորատորիաներ նախագծելու ու արտադրություն դնելու վրա է աշխատում։
Այս մասին «ՌԻԱ Նովոստի» պետական գործակալությանն է հայտնել «Ռոստեխի» գործադիր տնօրեն Օլեգ Եվտուշենկոն։
Պաշտոնյան հայտնել է նաև, որ արտադրանք մատակարարելու մենաշնորհ ստացած «ԿՐԷՏ» և «Շվաբե» ընկերությունները 12,5 մլրդ ռուբլի (մարտի 30-ի փոխարժեքով՝ 155 միլիոն ԱՄՆ դոլար) արժողությամբ արտադրանք են մատակարարելու. թոքերի արհեստական օդափոխության սարքեր, ուլտրակարմիր ջերմաչափեր, բարձր ջերմություն ունեցող մարդկանց հայտնաբերող ջերմադիտարկման սարքեր։
Բացի այս, «Ռոստեխը» նախագծել է նաև անհատական պաշտպանիչ հանդերձանք, որը նախատեսված է ինչպես բուժանձնակազմի, այնպես էլ քաղաքացիական օգտագործման համար։