Թուրքիայի ԶՈւ ցամաքային ուժերը ստացել են տեղական FNSS ռազմարդյունաբերական ընկերության արտադրած «Քապլան» ինքնագնաց հակատանկային զրահամեքենաների նոր խմբաքանակը՝ բաղկացած վեց միավորից։ Այսպիսով՝ զրահամեքենաները դրվում են սերիական արտադրության։
Եվս երկու միավոր մատակարարվել է դեռ անցած տարվա դեկտեմբերին։ 8 միավորն էլ հագեցած են ռուսական «Կորնետ» հակատանկային հրթիռային համալիրներով։ Այս մասին հայտնում է Jane՛s մասնագիտացված հանդեսը։
Թուրքիան FNSS ընկերության հետ կնքել էր 260 միավոր «Քապլան» հակատանկային զրահամեքենաների գնման պայմանագիր դեռ 2016 թվականին։ 260 միավոր ինքնագնաց հակատանկային համակարգերը, այդ թվում՝ 184 միավոր թրթուռավոր և 76 միավոր անվային ընթացամասով, նախատեսվում է Թուրքիայի ԶՈւ սպառազինությանը հանձնել 2020 թվականից: