Ռուսաստանի պաշտպանության նախարարը մարտի 25-ին հայտարարել է Սիրիայում մարտական գործողություններին ՌԴ զինծառայողների ներգրավվածության մասին թվեր։ Սիրիայում մարտական փորձ են ձեռք բերել ռազմաօդային ուժերի անձնակազմի 90, ռազմական ոստիկանության 98, ՀՕՊ մասնագետների 56, իսկ ՌԾՈւ սպաների 61 տոկոսը։
ՌԴ պաշտպանության նախարարի խոսքերը փոխանցում է «ՏԱՍՍ» գործակալությունը։
Մարտական փորձ են ձեռք բերել նաև բոլոր ռազմական շրջանների հրամանատարները, ռազմական շրջանների շտաբերի բարձրաստիճան սպաները, համազորային, ՀՕՊ և ՌՕՈւ առանձին բանակների հրամանատարները։ Այս թվերին կարող ենք ավելացնել, որ 2018 թվականի դեկտեմբերի դրությամբ մարտական փորձ էին ձեռք բերել նաև համազորային բրիգադների ու գնդերի հրամանատարների 95 տոկոսը։
Նշենք նաև, որ, ըստ պաշտոնական տվյալների, Սիրիայում Ռուսաստանը փորձարկել է շուրջ 200 նոր զինտեխնիկա։ Դրանցից առավել նշանավոր օրինակներից են Սու-57 կործանիչները, Մի-28ՆՄ ուղղաթիռները։