Միացյալ Նահանգները պատրաստվում է առաջիկայում Թուրքիային փոխանցել «Չինուք-CH-47F» (Boeing CH-47F Chinook) ուղղաթիռները։
Այս մասին տեղեկացնում է Jane’s-ը՝ հղում կատարելով ԱՄՆ-ի Պաշտպանության դեպարտամենտի (DoD) տարածած հաղորդագրությանը։
Հաղորդագրության մեջ հստակ չի նշվում, թե թուրքական կողմը քանի ուղղաթիռ ձեռք բերելու պայմանագիր է կնքել ամերիկացիների հետ և որքան են դրանք արժեցել Անկարային։
Նույն աղբյուրը նաև նշում է, որ «Չինուք-CH-47F» ուղղաթիռներ ձեռք բերելու հայտ է ներկայացրել նաև Արաբական Միացյալ Էմիրությունները, սակայն քանակի և պայմանագրի արժեքի վերաբերյալ տվյալներ կրկին չեն նշվում։
Jane’s-ը հավելում է, որ ավելի վաղ հայտնի է դարձել թուրքական կողմի՝ 1,2 մլրդ դոլար արժողությամբ 14 «Չինուք» ուղղաթիռ ձեռք բերելու մտադրության մասին։
Նշենք, որ «Չինուք-CH-47F» ծանր ուղևորափոխադրող ուղղաթիռների արտադրությամբ զբաղվում է «Բոինգ» (Boeing) ընկերությունը։
«Չինուք» սերիայի առաջին ուղղաթիռները սկսել են թռիչքներ կատարել 60-ականների սկզբին։ Հետագա տարիներին «Չինուքը» ենթարկվել է մշտական կատարելագործումների և արդիականացման։
Ներկայում աշխարհում տարբեր պետությունների սպառազինության մեջ է գտնվում է CH-47 տեսակի 807 ուղղաթիռ, որից 528 միավորը բաժին է հասնում ԱՄՆ-ին։ «Չինուք-CH-47F» ուղղաթիռը ներկայացվել է 2006 թվականին։
Վերջերս հայտնի էր դարձել , որ ԱՄՆ պաշտպանական գերատեսչությունը պայմանագիր է կնքել «Բոինգ» ընկերության հետ, որով ձեռք է բերելու 117 «Չինուք-CH-47F» ուղղաթիռ։
Հավելենք նաև, որ ներկայում Թուրքիայի զինված ուժերի սպառազինության մեջ կան «Չինուք CH-47» տեսակի, սակայն այլ տարբերակների ուղղաթիռներ։
Pingback: Կանադան ստացավ վերջին CH-47F Chinook ուղղաթիռը | Ռազմ.info