Իդլիբի շուրջ Էրդողան-Պուտին համաձայնագիրը

Մարտի 5-ին Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում կայացավ Թուրքիայի և ՌԴ նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը սիրիական Իդլիբում ստեղծված իրավիճակի շուրջ։

Հանդիպումը նախ՝ երկկողմ, ապա պատվիրակությունների միջև ֆորմատով տևեց մոտ 5 ժամ 40 րոպե։ Հանդիպման ավարտին երկու երկրի ղեկավարները համատեղ մամուլի ասուլիս անցկացրին ու հայտարարեցին, որ Իդլիբում իրավիճակի կարգավորման շուրջ ստորագրվել է համաձայնագիր։

Ըստ այդ համաձայնագրի՝

  • Մարտի 6-ի կեսգիշերին ժամը 00։00֊ի դրությամբ Իդլիբում հաստատվում է հրադադար;
  • Մ4 մայրուղուց հյուսիս և հարավ 6֊ական կմ խորությամբ հաստատվում է անվտանգության գոտի։ Անվտանգության գոտու մանրամասները 7 օրվա ընթացքում պետք է հաստատվեն ՌԴ և ԹՀ ՊՆ֊ների կողմից;
  • Մարտի 15-ից Թուրքիայի և Ռուսաստանի զինված ուժերը Մ4 մայրուղու երկայնքով՝ Թրումբա բնակավայրից դեպի Այն ալ Հավր բնակավայրն իրականացնելու են համատեղ պարեկային ծառայություն։
2020թ․ մարտի 5-ի Իդլիբի համաձայնագրով քարտեզը, աղբյուրը՝ թուրքական Süriye gündemi ամսագիր

Ուշագրավ է, որ թուրքական դիտակետերը հանելու կամ Սիրիայի բանակի հետ քաշման մասին որևէ տեղեկություն չկա։ Ինչպես հայտնի է՝ հունվարի վերջից Սիրիայի կառավարական ուժերը կարողացել էին իրենց վերահսկողության տակ վերադարձնել Մ5 մայրուղին, որը փաստացի կշարունակի մնալ կառավարական ուժերի վերահսկողության տակ։

Հիշեցնենք, որ փետրվարի 20-ին «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման զինյալները Թուրքիայի զինված ուժերի աջակցությամբ ռազմական գործողություն էին սկսել Իդլիբ նահանգի Նայրաբ բնակավայրից, որը տեղակայված է Մ4 մայրուղու մոտակայքում՝ փորձելով առաջ շարժվել դեպի Մ5 մայրուղի։ Նայրաբը գրավելուց հետո զինյալներին հաջողվել էր նաև վերցնել երկու մայրուղիների հատման կետում տեղակայված Սարաքիբ բնակավայրը, որը մի քանի օր անց հետ գրավվեց Սիրիայի կառավարական ուժերի կողմից։

Իրավիճակն Իդլիբում ավելի սրվեց, երբ փետրվարի 27-ին Սիրիայի կառավարական ուժերի հարվածներից սպանվեց 33, վիրավորվեց 32 թուրք զինծառայող։ Սիրիայի բանակին աջակցող Ռուսաստանը հայտարարեց, որ նախօրոք թուրքական կողմի տված կոորդինատների համաձայն այդ տարածքում թուրք զինծառայողներ չպետք է լինեին, այդ մասին չեն իմացել նաև Սիրիայի կառավարական ուժերը։

Դրանից հետո Թուրքիան հայտարարեց Իդլիբում «Գարնանային վահան» կոչված գործողության մեկնարկի մասին։ Թե՛ թուրքական, թե՛ սիրիական կողմերը նշանակալի կորուստներ ունեցան, հատկապես՝ ավիացիոն միջոցների տեսքով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *