Օրերս Lockheed Martin ամերիկյան ընկերությունը Միացյալ Նահանգների զինված ուժերին է մատակարարել 500–րդ արտադրված F-35 կործանիչը։ Մինչ այս F-35A մոդիֆիկացիայից արտադրվել է 354 օրինակ, B–ից՝ 108, C-ից՝ 38 միավոր։ 500 միավորից 353–ը մատակարարվել է ԱՄՆ–ի զինված ուժերին, 147–ը՝ այլ երկրների։
Աշխարհում բոլոր F-35 ինքնաթիռները մշակման փուլերից սկսած ընդհանուր 250 հազար ժամ թռիչքաժամանակ են գրանցել։ Ինքնաթիռների համար շուրջ 1000 օդաչու է պատրաստվել, և շուրջ 9000 հոգի՝ որպես ցամաքային անձնակազմ։ Այս մասին հայտնում է ինքնաթիռի պաշտոնական կայքը։
Կործանիչները շահագործող երկրներից են Իսրայելը, Մեծ Բրիտանիան, Հարավային Կորեան, Նորվեգիան, Նիդերլանդները, Իտալիան, Ավստրալիան։ Ինքնաթիռի պատվիրատուների ցանկում է Հայաստանի հարևան Թուրքիան, որին ԱՄՆ–ն որոշեց չմատակարարել և հեռացնել ծրագրից՝ Թուրքիայի՝ Ռուսաստանից Ս-400 հակաօդային համակարգեր ձեռքբերելու պատճառով։ Կործանիչների խոշոր խմբաքանակ են պատվիրել նաև Ճապոնիան (100 միավոր) և Լեհաստանը (32 միավոր)։
F-35-ը համարվում է հինգերորդ սերնդի կործանիչ-ռմբակոծիչ և նախագծվել է Lockheed Martin ամերիկյան ընկերության կողմից, 2000–ականներին: Բացի բազային՝ F-35A տարբերակից, ԱՄՆ ծովային հետևակի համար նախագծվել է նաև F-35B տարբերակը՝ ուղղահայաց վայրէջքի և կարճ թռիչքի հնարավորությամբ, իսկ ԱՄՆ ՌԾՈւ ավիակիրներից թռիչքների համար նախագծվել է F-35C տարբերակը։