Մարտի 6-ին` առավոտյան ժամը 05.30-ի սահմաններում, ՀՀ հյուսիս-արևելյան դիրքերից մեկի ուղղությամբ ադրբեջանցի զինծառայողները ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ:
Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը։
Դիրքապահ անձնակազմի գործողությունների շնորհիվ հակառակորդը, կորուստներ տալով, հետ է շպրտվել իր ելման դիրք, թողնելով զինամթերք և ականորսիչ սարք: Հայկական կողմը կորուստներ չունի, գործողությունների արդյունքում թեթև վիրավորում է ստացել մեկ զինծառայող, դեպքի մանրամասները ճշտվում են:
Գործողությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ տվյալ դիվերսիոն ներթափանցման համար, որն իրականացվել է համապատասխան պատրաստություն անցած անձնակազմի կողմից, հակառակորդն իրականացրել է նախապատրաստական լուրջ աշխատանքներ:
Հատկանշական է, որ ականադաշտերում անցումներ բացելու համար օգտագործվել է գերմանական արտադրության ականորսիչ:
Նշենք, որ երեկ գիշեր ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ վերջին օրերին Տավուշում հակառակորդը սադրում է իրավիճակը, օգտագործում խոշոր տրամաչափի գնդացիրներ։ Իսկ դրանից առաջ ադրբեջանական կողմը հայտարարել էր հայկական գնդակից մեկ կորուստ ունենալու մասին։