Մարտի 5-ին Սիրիայի հյուսիարևմտյան Իդլիբ նահանգում իրավիճակը քննարկելու համար Մոսկվա է մեկնել թուրքական պատվիրակությունը՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ։ Երկկողմ փակ հանդիպումից առաջ նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Էրդողանը խոսեցին մամուլի ներկայացուցիչների ներկայությամբ։
ՌԴ նախագահը հայտարարեց, որ, ինչպես փետրվարի 28-ի հեռախոսազրույցում էր ասել, թուրք զինծառայողների գտնվելու վայրը ոչ ոք, այդ թվում՝ սիրիացի զինծառայողները չեն իմացել։
«Սիրիայի բանակը ևս լուրջ կորուստներ ունի»,֊ հայտարարեց Պուտինը։
Ըստ Պուտինի՝ հանդիպումը նախ կանցկացվի երկկողմ փակ ձևաչափով, այնուհետ՝ անհրաժեշտության դեպքում նաև երկու երկրների պատվիրակությունների միջև։
Թուրքիայի նախագահ Էրդողանն էլ հայտարարեց, որ հանդիպումը թեպետ նախատեսվում էր Թուրքիայում անցկացնել, սակայն Ռուսաստանում սահմանադրական փոփոխությունների հետ կապված թուրքական կողմը որոշել է ընդունել Մոսվայում հանդիպելու հրավերը։
Նշենք, որ Էրդողանին ուղեկցում են պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն, Ազգային հետախուզությական կազմակերպության տնօրեն Հաքան Ֆիդանը, գանձապետարանի և ֆինանսների նախագահ Բերաթ Ալբայրաքը։
Հիշեցնենք, որ Իդլիբում իրավիճակը սրվել է փետրվարի սկզբից, երբ Սիրիայի կառավարական ուժերը Ռուսաստանի աջակցությամբ սկսեցին երկրի հյուսիսարևմտյան շրջաններն ու հատկապես Իդլիբի նահանգն ազատագրել ընդդիմադիր զինյալներից, որոնց աջակցում է Թուրքիան։
Մի քանի բնակավայր գրավելուց հետո կառավարական ուժերն առաջ անցան 2017թ․ մայիսի Աստանայի համաձայնագրով Իդլիբում տեղակայված թուրքական դիտակետերից՝ նրանց թողնելով թիկունքում, ինչից հետո Թուրքիան սկսեց սպառնալ Սիրիայում նոր գործողություն սկսելով։
Փետրվարի 20-ին «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումը Թուրքիայի ԶՈւ հետ ռազմական գործողություն սկսեցին կառավարական ուժերի դեմ և կարողացան գրավել նախ Նայրաբ բնակավայրն, այնուհետև Մ4 և Մ5 մայրուղիների հատման կետում տեղակայված Սարաքիբ բնակավայրը։
Դրությունը հատկապես լարվեց փետրվարի 27-ից հետո, երբ Սիրիայի կառավարական ուժերի ավիացիոն հարվածներից սպանվեց 33 և վիրավորվեց 32 թուրք զինծառայող (պաշտոնական տվյալներ)։
Այժմ Սիրիայի բանակը կարողացել է հետ գրավել Սարաքիբ բնակավայրը։