Այսօր՝ հուլիսի 1-ին, հայտնի է դարձել, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչներն այցելել են Հայաստանում պահվող ադրբեջանցի ռազմագերուն՝ Ֆիրուզ Միրզա օղլու Ֆարաջովին։
Համաձայն Ադրբեջանի ԿԽՄԿ ներկայացուցչության հանրային կապերի բաժնի ղեկավար Իլհամ Հուսեյնովի՝ այցելությունը կայացել է հունիսի 28-ին։ Ռազմագերուն տեղեկություններ են փոխանցվել իր ընտանիքի մասին։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Ֆիրուզ Միրզա օղլու Ֆարաջովը հուլիսի 26-ին՝ առավոտյան ժամը 6:00-ին, Թովուզի շրջանից հատելով ՀՀ սահմանը` ինքնակամ գերի էր հանձնվել հայ սահմանապահներին` սպիտակ դրոշը ձեռքին:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նույն օրը հաստատել էր այն փաստը, որ ադրբեջանցի զինծառայողի մոտ զենք չի եղել:
Որոշ ժամանակ անց Ադրբեջանի Գերիների, պատանդների և անհայտ կորածների պետական կոմիտեն մեղադրել էր ադրբեջանական լրատվամիջոցներին՝ Ֆարաջովի հանձնման մասին լուրը հրապարակելու համար՝ չնայած որ ադրբեջանական կայքերը, խեղաթյուրելով իրականությունը, ներկայացրել էին՝ իբր զինվորը մոլորվել էր, ակամայից հատել Թովուզը, իսկ «հայերը բռնի ուժով գերեվարել էին նրան»։
Ադրբեջանական լրատվականների ներկայացրած մեղադրանքի հիմնական պատճառը թերևս այն էր, որ հաղորդագրության մեջ հայտնում էին, որ Ֆիրուզ Միրզա օղլու Ֆարաջովի հայրը Ադրբեջանի Ներքին զորքերում մայոր է:
Ադրբեջանի Գերիների, պատանդների և անհայտ կորածների պետական կոմիտեի հայտարարության մեջ ասվում էր. «նման տեղեկություններ հայտնող լրատվամիջոցները պետք է գիտակցեն, որ թշնամուն արժեքավոր տեղեկատվություն են հաղորդում, որի հետևանքները կարող են վտանգավոր լինել զինվորի կյանքի ու նրա հարազատների համար»։