Էրդողանն ու Պուտինը կհանդիպեն մարտի 5-ին. Պեսկով

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մարտի 5-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվա, որտեղ նախատեսվում է Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը։

Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ռուսական RT հեռուստաալիքի կայքը։ Պուտին֊Էրդողան հանդիպմանը կքննարկվի Սիրիայում, մասնավորապես Իդլիբի նահանգում ստեղծված իրավիճակը։

Պեսկովը հավելել է, որ ռուսական կողմի դիրքորոշումն այս հարցում անփոփոխ է։ Նախօրեին էլ Պեսկովը հայտարարել էր, որ «երկու նախագահների հանդիպումը հեշտ չի լինելու, սակայն կողմերը միտված են Իդլիբում իրավիճակի կարգավորմանը»։

Հիշեցնենք, որ Էրդողանը դեռ փետրվարի 26-ին Ադրբեջանից Թուրքիա վերադառնալիս լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ երկկողմ հանդիպում կունենա ՌԴ նախագահի հետ մարտի 5-ին, ամենայն հավանականությամբ՝ Ստամբուլում։ Այն ժամանակ քննարկվում էր նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ քառակողմ հանդիպում անցկացնելու հարցը, սակայն, ըստ Էրդողանի, Պուտինը ասել էր, որ «հարցը կարելի է լուծել նաև երկուսով»։

Ուշագրավ էր, որ փետրվարի 27-ին Պեսկովը հերքել էր այս տեղեկությունը, նշելով, որ մարտի 5-ին Պուտինը չի կարող մեկնել Ստամբուլ Էրդողանի հետ հանդիպմանը, «քանի որ աշխատանքային այլ պլաններ ունի»։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *