Վրաստանն ու Ուկրաինան ամերիկյան Javelin հակատանկային համալիրների նոր խմբաքանակ կստանան

Փետրվարի 28-ին ԱՄՆ պաշտպանության նախարարությունը (Պենտագոն) 18,4 մլն դոլարի նոր պայմանագիր է կնքել Raytheon/Lockheed Martin Javelin JV ընկերության հետ՝ գործընկեր երկրների համար Javelin հակատանկային հրթիռային համալիրների նոր խմբաքանակի արտադրության համար։

Այս մասին գրված է Պենտագոնի պաշտոնական կայքում։ Գործընկեր երկրների թվում են նաև Վրաստանը, Ուկրաինան, Չեխիան, Ֆրանսիան, Ինդոնեզիան ևն։ Արտադրությունը նախատեսվում է ավարտվել 2025թ․ հունիսի 25-ին։

Հիշեցնենք, որ Վրաստանի ու Ուկրաինայի սպառազինությունում արդեն կան այս համալիրները։ Javelin համալիրների մատակարարումն այս երկրներին ԱՄՆ֊ն հաստատել է 2017թ․։ Վրաստանին մատակարարումների արժեքը գնահատվում էր 75 մլն դոլար, վրացական կողմը ԱՄՆ-ին 410 միավոր հրթիռ և 72 միավոր արձակման կայան գնելու հայտ էր ներկայացրել: Վրացական կողմը պետք է ստանար նաև 10 միավոր ուսումնական համալիր և 70 միավոր ուսումնական հրթիռ: 

Համալիրների Վրաստան մատակարարման առաջին փուլը կայացել էր 2018թ. հունվարին։ 2019թ․ ապրիլին Վրաստանն ամբողջությամբ ստացել էր համալիրները։ Իսկ Ուկրաինայի բանակն Javelin֊ով համալրվել էր 2018թ․ մայիսից։

Նշենք, որ Javelin հրթիռային համալիրները շահագործության են հանձնվել 1996 թվականից: Հրթիռի տրամաչափը 127 մմ է, ուղղորդվում են ինքնանշանառման ջերմային գլխիկով, կրակի առավելագույն հեռահարությունը 2.5 կմ է:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *