Իդլիբի շուրջ իրավիճակը․ թարմացվող լրահոս

Փետրվարի 27-ին Սիրիայի հյուսիսարևմտյան Իդլիբ նահանգում Սիրիայի կառավարական ուժերի ավիացիոն հարվածներից սպանված թուրք զինծառայողների թիվն այս պահի դրությամբ [28.02.2020 11:00], պաշտոնական տվյալներով, 33 է։

Կորուստների պաշտոնական տվյալները հայտարարել է Թուրքիայի հարավային (Սիրիային սահմանակից) Հաթայ նահանգի ղեկավար Ռահմի Դողանը։ Բացի սպանվածներից կա նաև 32 վիրավոր (առայժ հայտնի տվյալներով), որոնք տեղափոխվել են Հաթայ և Ռեյհանլը շրջանների հիվանդանոցներ։ Դողանը նշել է, որ վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում։ Վիրավորներին այցելել են Թուրքիայի ՊՆ ղեկավար Հուլուսի Աքարը, ցամաքային ուժերի հրամանատար Ումիթ Դյունդարը և ռազմաօդային ուժերի հրամանատար Հասան Քյուչյուքաքյուզը։


Թուրքիայի և ԱՄՆ նախագահներ Էրդողանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել Իդլիբի շուրջ։ Ըստ Անադոլու գործակալության՝ Էրդողանը նշել է, թե վռական է Սոչիի համաձայնագրով նախատեսված տարածքից Սիրիայի կառավարական ուժերի հեռացման հարցում։ Թրամփը, ըստ Սպիտակ տան մամուլի խոսնակի օգնական Ջուդ Դիրի, հաստատել է իր աջակցությունը Թուրքիային Սիրիայի հյուսիս-արևմուտքի ապաէսկալացման հարցում։


ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ աշխատանքներ են տարվում Էրդողանի ու Պուտինի հանդիպման կազմակերպման համար, որն, ամենայն հավանականությամբ կլինի մարտի 5-ին կամ 6-ին, Մոսկվայում։ Նշենք, որ նախորդ օրը Պեսկովը հայտարարել էր, որ Պուտինը մարտի 5-ին չի կարող մեկնել Ստամբուլ՝ Էրդողանի հետ հանդիպման, քանի որ աշխատանքային այլ պլաններ ունի։


Թուրքական իշխանամետ Daily Sabah թերթը գրում է, որ այսօր Սիրիայի հարցով արտահերթ նիստ կանցկացնի ՄԱԿ անվտանգության խորհուրդը (Հայաստանի ժամանակով՝ 01։00-ին)։


Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում շարունակվում է Իդլիբի հարցով թուրք֊ռուսական բանակցությունների երրորդ փուլը, հայտնում է Թուրքիայի պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը։ Թուրքական պատվիրակությունը ղեկավարում է ԱԳՆ տեղակալ Սեդաթ Օնալը, իսկ ռուսականը՝ նախագահի Սիրիայի հարցով հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևը և ԱԳՆ տեղակալ Սերգեյ Վերշինը։


Սիրիայի կառավարական ուժերը Իդլիբի հարավային մասում մի քանի բնակավայր են ազատագրել: Դատելով ընդհանուր պատկերից՝ Ասադի ուժերը փորձում են հարվածի նոր ուղղություն ավելացնել և դուրս գալ Ջիսր Ալ-Շուղուր քաղաքի մատույցներ:


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել, որտեղ քննարկվել է Սիրիայում, մասնավորապես Իդլիբում տիրող իրավիճակը։ Նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ նիստի ընթացքում Պուտինին տեղեկացվել է, որ Անկարայում ռուսական պատվիրակությունն Իդլիբի հարցով բանակցում է Թուրքիայի հետ։


Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը հայտարարել է, որ Էրդողան֊Պուտին հեռախոսազրույցի ընթացքում որոշվել է ամենակարճ ժամկետներում առերես հանդիպում կազմակերպել։


ՆԱՏՕ արտահերթ նիստից հետո գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգը հանդես եկավ մամուլի ասուլիսով, որտեղ նշեց, որ ՆԱՏՕ֊ն կոչ է անում Ասադին և Ռուսաստանին վերջ տալ Սիրիայում հարվածներին, վերադառնալ 2018թ․ Սոչիի համաձայնագրով նախատեսված հրադադարի պայմաններին և հարգել միջազգային իրավունքը։ Ստոլտենբերգն ասաց, որ ՆԱՏՕ֊ն օգնելու է Թուրքիային տարբեր միջոցներով, որոնցից մեկն էլ օդային պաշտպանությունն է։ ՆԱՏՕ֊ն շարունակելու է պաշտպանել իր հարավ֊արելյան սահմանը։


Էրդողան֊Պուտին հեռախոսազրույցի մասին ՌԴ նախագահականից տարածած հայտարարության մեջ նշվում է, որ կարևորվել է Թուրքիայի և Ռուսաստանի ՊՆ֊ների միջև կոորդինացման էֆֆեկտիվության բարձրացման հարցը։ Քննարկվել է նաև առաջիկայում բարձր մակարդակի հանդիպում անցկացնելու հարցը։


Էրդողանի և Պուտինի հեռախոսազրույցի մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ ՀԵռախոսազրույցը եղել է թուրքական կողմի խնդրանքով։ Ըստ Լավրովի՝ զրույցը մանրամասն է եղել և հիմնականում քննարկվել է հարցը, որ պետք է անել ամեն ինչ Իդլիբի ապաէսկալացման գոտու շուրջ նախնական համաձայնությունների կատարման համար։ Նաև քննարկվել է առաջիկայում որևէ մակարդակով հանդիպում կազմակերպելու հարցը։


Թուրքական իշխանամետ Habertürk լրատվական գործակալութունը հայտնում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Մանրամասներ առայժմ չկան։


Ռուսական երկու ֆրեգատ՝ «Ադմիրալ Մակարով»֊ը և «Ադմիրալ Գրիգորովիչ»֊ը Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով պլանավորած անցում են անելու Սև ծովից դեպի Միջերկրական ծով։ Այս մասին հայտնել են Սևծովյան նավատորմից։ Եվս մեկ ֆրեգատ՝ «Ադմիրալ Էսսեն», Միջերկրական ծովում առաքելություն է իրականացնում 2019թ․ դեկտեմբերից։


Թուրքիայի ՊՆ Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Իդլիբում երեկ ավիահարվածները եղել են չնայած նրան, որ Ռուսաստանին նախորոք տրամադրել էին իրենց կոորդինատները։ Ըստ թուրք նախարարի՝ հարվածների ժամանակ թուրք զինծառայողների կողքին որևէ զինված խմբավորում չի եղել։ Աքարը հավելել է, որ Թուրքիայի ԶՈւ֊ն հարվածել է Սիրիայի բանակի ավելի քան 200 թիրախի։


Թուրքիայի պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը տեսանյութ է տարածել, որտեղ ըստ աղբյուրի երևում է, թե ինչպես է Թուրքիայի ԶՈւ֊ն գիշերվա ընթացքում հարվածում Սիրիայի բանակի դիրքերին։

https://www.youtube.com/watch?v=gkkRQgFeuOQ


Թուրքիայի դիմումի համաձայն ՆԱՏՕ֊ն արտահերթ նիստ կանցկացնի այսօր՝ Իդլիբում իրավիճակի քննարկման համար։


Թուրքական Habertürk հեռուստաալիքի ուղիղ եթերում հայտարարվեց, որ այսօր նախատեսվում է Էրդողան֊Թրամփ հեռախոսազրույց։


Սիրիայի կառավարական ուժերին աջակցող Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը Իդլիբի Բեհուն բնակավայրում ավիահարվածների մասին հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ ռուսական ավիացիան չի գործել։ Բացի այդ՝ Սիրիայի բանակի ավիահարվածներն ուղղված են եղել «Հայաթ Թահրիր ալ Շամ» (Ջեբհաթ ալ Նուսրա) ահաբեկչական կազմակերպության դիրքերին, այլ ոչ Թուրքիայի զինված ուժերի։ Ըստ աղբյուրի՝ թուրքական կողմից ռուսական «Փախստսկանների տեղաշարժի վերահսկողության և հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնին» տրված կոորդինատների համաձայն թուրք զինծառայողները չպետք է ընկնեին Սիրիայի բանակի հարվածների տակ։


Ուշագրավ է, որ նախորդող գիշերվանից հետո ռուսական պետական «ՏԱՍՍ» գործակալությունն առավոտյան ժամը 06։00֊ին հայտնել է, որ ՌԴ ԶՈւ ԳՇ օպերատիվ ղեկավարման պետ գեներալ֊գնդապետ Սերգեյ Ռուդսկինը և օդադեսանտային ուժերի հրամանատար գեներալ֊գնդապետ Անդրեյ Սերդյուկովը Սիրիայում գործողությունների համար պարգևատրվել են «Ռուսաստանի հերոս» շքանշանով։

Նախորդ ամբողջ գիշերը Թուրքիայում չհայտարարված արտակարգ դրություն է եղել։ Իդլիբում ավիահարվածներից Թուրքիայի զինված ուժերի կորուստերից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է հրավիրել, որը մոտ 6 ժամ է տևել, սակայն նիստից հետո որևէ պաշտոնական հայտարարություն առայժմ չկա։

Անվտանգության նիստից հետո Սիրիայի սահման են մեկնել նախարար Հուլուսի Աքարը, ցամաքային ուժերի հրամանատար Ումիթ Դյունդարը և ռազմաօդային ուժերի հրամանատար Հասան Քյուչյուքաքյուզը։

Գիշերը Թուրքիայում ՌԴ հյուպատոսարանի մոտ բողոքի ակցիա էր սկսել, իսկ երկրում դադարեցվել էր սոցցանցերի, այդ թվում՝ Twitter֊ի, Facebook֊ի, Instagram֊ի հասանելիությունը։

Թուրքիայում հայտարարել են, որ այս հարվածներն անպատասխան չեն մնալու, բացի այդ, Թուրքիան թույլ է տալու, որ Սիրիայի փախստականներն անցնեն Եվրոպա։ Թուրքական աղբյուրները նույնիսկ տարածեցին տեսանյութ, որտեղ իբրև երևում է, թե ինչպես են փախստականները գնում դեպի Հունաստան։

Երկրում ընդդիմադիր «Հանրապետաժողովրդական» (ՀԺԿ / CHP) կուսակցությունը կոչ է արել Իդլիբում իրավիճակի շուրջ Թուրքիայի ԱԺ փակ նիստ հրավիրել։

Իդլիբում Թուրքիայի ԶՈւ կորուստների վերաբերյալ ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ ԱՄՆ֊ն աջակցում է ՆԱՏՕ անդամ Թուրքիային, իսկ ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգը կոչ է արել վերջ դնել Իդլիբում հակամարտությանը։

Այս ընթացքում Թուրքիայի տարբեր պաշտոնյաներ խոսել են ՆԱՏՕ և ԱՄՆ մի քանի անձանց հետ։ ԱԳՆ Մևլյութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգի հետ, ՊՆ Հուլուսի Աքարը խոսել է ԱՄՆ ՊՆ Մարք Էսփերի հետ, Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընն էլ զրուցել է ԱՄՆ նախագահի Ազգային ավնտանգության հարցով խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայանի հետ։

Էրդողան֊Պուտին հանդիպում

Վերջին մի քանի օրերին հայտարարվում էր, որ մարտի 5-ին նախատեսվում է Էրդողան֊Պուտին հանդիպում, սակայն նախօրեին ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Պուտինը չի նախատեսում հանդիպել Էրդողանի հետ, այդ օրն «աշխատանքային այլ պլաններ ունի»։

Հանդիպման մասին խոսել էր նույնիսկ Էրդողանը և նշել, որ հանդիպման օրը գրեթե համաձայնեցված է, մնացել է միայն տեղն ու ձևաչափը որոշել։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *