Թուրքիայում տանջանքների հետևանքով մահացած զինվորի ընտանիքին փոխհատուցում չեն վճարում

Կիպրոսի հյուսիսում ծառայություն անցնելու ժամանակ տանջանքների հետևանքով մահացած Թուրքիայի զինված ուժերի շարքային զինծառայողի ընտանիքին ապահովագրական ընկերությունը հրաժարվել է գումար վճարել, ինչը մեծ արձագանք է գտել Թուրքիայում։

1

Թուրքական «Վաթան» պարբերականի տեղեկություններով՝  թուրքական բանակի շարքային Ուղուր Քանթարի ընտանիքին զինվորների ապահովագրությամբ զբաղվող ընկերությունը («Անադոլու Սիգորթա») հրաժարվել է  գումար հատկացնել՝ պատճառաբանելով, թե զինծառայողը մահացել է զորացրումից հետո։

Այսպես կոչված «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության» (Թուրքիայի բռնազավթած Հյուսիսային Կիպրոսը) տարածքում 2011 թվականին զինվորական ծառայություն անցնելու ժամանակ շարքային Ուղուրը ծառայակիցների և հրամանատարների կողմից դաժան կտտանքների էր ենթարկվել։

Մասնավորապես, նրա դեմ կիրառել էին թուրքական բանակում «դիսկո» կոչվող տանջանքը. երկու շաբաթ ամեն օր նրան ծեծի էին ենթարկել, զրկել էին ուտելիքից, թողել ծարավ, ապա նաև օրվա ամենաշոգ պահին կապկպած թողել արևի տակ։

Երբ նրա վիճակը դարձել էր կրիտիկական, նրան տեղափոխել էին հիվանդանոց, որտեղ էլ նա 2,5 ամիս անց մահացել էր։

Ապահովագրական ընկերությունը հրաժարվում է սպանված զինծառայողի ընտանիքին գումար վճարել՝ նշելով, որ նա մահացել է զորացրումից հետո։

Քանթարները որոշել են դատարանի միջոցով պահանջել սահմանված ապահովագրական գումարը։

Ընտանիքը նաև իր դժգոհությունն է հայտնել կտտանքներն իրականացրած 4 զինծառայողի դեմ առաջադրված մեղադրանքից։

Մասնավորապես, նրանք դատարանի առաջ են կանգնել ոչ այն մեղադրանքով (տանջանքների միջոցով մահվան հասցնել), որով ենթադրվում էր:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *