Ֆրանսիան Միացյալ Նահանգներին 16 միավոր MQ-9 Reaper անօդաչու թռչող սարք է պատվիրել։
ԱՄՆ-ի Ռազմական համագործակցության գործակալությունն (DSCA) արդեն տեղյակ է պահել Կոնգրեսին ԱԹՍ-ների հնարավոր վաճառքի մասին, տեղեկացնում է Defense Aerospace-ը։
Հնարավոր գործարքի արժեքը գնահատվում է շուրջ 1,5 մլրդ ամերիկյան դոլար։
Ֆրանսիան, բացի ԱԹՍ-ներից, ցանկանում է ձեռք բերել նաև 8 ցամաքային շարժական հրամանատարական կետեր, ԱԹՍ-ների պահեստային շարժիչներ և այլ մասեր ու բաղադրիչներ։
Ֆրանսիական կողմն ամերիկյան ԱԹՍ-ները գնելու վերաբերյալ նախնական բանակցությունները սկսել էր 2012 թվականի դեկտեմբերին։
MQ-9 Reaper հետախուզական-հարվածային անօդաչու թռչող սարքերի արտադրությամբ զբաղվում է ամերիկյան General Atomics ընկերությունը։
ԱԹՍ-ն առաջին թռիչքը կատարել է 2001 թվականին, իսկ պաշտոնապես ներկայացվել է 2007 թվականին։ ԱԹՍ-ն ներկայում գտնվում է ԱՄՆ-ի, ինչպես նաև Իտալիայի և Մեծ Բրիտանիայի սպառազինության մեջ։ Մամուլում բազմիցս նշվել է այս սարքերի նկատմամբ Թուրքիայի և Գերմանիայի հետաքրքրության մասին։