ՀՀ ԶՈւ ԳՇ պետի պարզաբանումները բանակում կորուստների վերաբերյալ հարցերով

Վերջին շրջանում բանակում ոչ մարտական կորուստների աճով պայմանավորված, այսօր ՀՀ ԶՈւ ԳՇ պետ գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը հրավիրվել էր մասնակցելու ԱԺ մարդու իրավուքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստին։

Վաղ առավոտից տեղեկություններ են շրջանառվում Պաշտպանության բանակի հրամանատարի հրաժարականի և Ռազմական ոստիկանության պետի պաշտոնից ազատման վերաբերյալ։ ՀՀ ԶՈւ ԳՇ պետը ասաց, որ կադրային փոփոխություններ լինելու են, սակայն չմանրամասնեց՝ հորդորելով սպասել պաշտոնական հրամանագրերին։

Առանձնացրել ենք նաև նրա մյուս ուշագրավ հայտարարությունները․

«2019 թվականի հունիսից բանակում կանխվել է ինքնասպանության 8 դեպք»

«Ասեմ, որ ունենք նաև սպաների կարգապահական խրախուսումներ, որոնք կանխել են ինքնասպանություններ։ Կատարած աշխատանքի արդյունքներով մենք ունենք ինքնասպանությունը չավարտած դեպքեր: Նրանց ծնողներն ու իրավապահները արդեն իրական վիճակով կարողանում են ասել, թե ինչքան է պատճառը կապված բանակի կամ այլ խնդիրների հետ։ Դրանց մի մասը նեղ անձնական բնույթի տվյալներ են, որ չէի ցանկանա հրապարակել»:

2020-ին բանակում մահվան դեպքերի պատճառները

«13 զինծառայողից 4-ի մահը կապված է եղել հիվանդության հետ, 4-ինը՝ դժբախտ պատահարի։ Մնացած ինքնասպանության հասցնելու կամ այլ պատճառներով զոհերի հետ կապված հարուցվել են քրեական գործեր, որոնց շրջանակներում էլ պատասխաններ կլինեն։ Մեր մասով, բացի մեր հայտնաբերած կոնկրետ թերությունների հետ կապված սպաներին պատժելուց, մենք շրջաբերականներով դեպքի նկարագիրը պարբերաբար՝ ոչ պակաս քան շաբաթը մեկ անգամ, ներկայացնում ենք ԶՈւ ողջ հրամանատարական կազմին, ներկայացնում ենք կատարված դեպքի նկարագիրը, ծնող պատճառները, կարգադրական կարգը կամ առաջարկները, որպեսզի դասեր քաղեն և թերությունները բացառեն»։

Կարգապահական տույժեր

«Մենք ունենք օրենք, օրենքի առջև հավասար են բոլորը, մեղավորը կորոշվի դատարանի վճռով, այնպես որ հիմա որևէ դեպքի հետ կապված պատասխանատու նշանակելը ճիշտ չեմ համարում։ Ինչ վերաբերում է կարգապահական կանոնադրություններով հասնող տույժերին, այո, բոլոր դեպքերով ծառայողական քննությունները անցկացվում են, ելնելով ծառայողական քննությունների արդյունքներից, մենք ունենք սպայական կազմի և՛ պաշտոնից հեռացումներ, և՛ զորացրումներ»։

Սպաներին չպատժելու տաբուներ չկան

«Նախկինում էլ չի եղել, հիմա էլ, եթե անգամ ցանկանանք: Եթե հանցագործություն է կատարել որևէ սպա կամ պաշտոնատար անձ, դրանք կոծկելը ձեռնտու չէ առաջին հերթին բանակին, որովհետև նույն հաջողությամբ վաղը մյուսն էլ կգործի, երկրորդն էլ, երրորդն էլ։․․․Ես քննչականի գործունեության հետ կապված չեմ կարող որևէ բան պատասխանել, ցանկացած դեպքում, եթե ինչ-որ բան անգամ ապացուցվել է, ծնողը կարող է դա էլ չընդունել, դա ես չեմ կարող մեկնաբանել: Դա քրեական գործի շրջանակներում իրականացված արդյունքներն են, մենք քրեական գործընթացներ չենք իրականացնում, աջակցում ենք, համապատասխան սպաները, պաշտոնատար անձինք ընդգրկվում են վկայի կամ այլ կարգավիճակներով, տաբուներ չկան մեզ մոտ»:

«Բանակում կան քրեական ենթամշակույթի տարրեր»

«Բանակում քրեական ենթամշակույթի էլեմենտներ, իհարկե, կան, ինչպես նաև հասարակության մեջ։ Եվ չի կարող մի բան լինել հասարակության մեջ, բանակում չլինել։ Աշխատում ենք այդ ուղղությամբ»։

«Պաշտպանության նախարարի հետ տարաձայնություններ չկան, կան աշխատանքային քննարկումներ»

«Գլխավոր շտաբի պետը ենթարկվում է պաշտպանության նախարարին և որևէ տարաձայնություն համատեղ աշխատանքում չունենք, եթե հաշվի չառնենք աշխատանքային քննարկումները, որ հաճախ ներակայցվում են որպես խիստ հակասություններ: Պետ-ենթակայի մեջ [հակասությւն ― Ռազմինֆո] չի կարող լինել, եթե սկզբունքային տեսակետեր լինեն, հրաժարական կտամ, որևէ խնդիր չեմ տեսնում»:

One response to “ՀՀ ԶՈւ ԳՇ պետի պարզաբանումները բանակում կորուստների վերաբերյալ հարցերով

Մեկնաբանել Սուսան ԵսաըանՉեղարկել պատասխանը

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *