Ռուսաստանի հարավը համալրվել է գրոհիչներով

Փետրվարի 18–ին Ռուսաստանի ԶՈւ հարավային ռազմական շրջանի (ՀՌՇ) ՌՕՈւ և ՀՕՊ 4–րդ բանակի ավիացիոն ստորաբաժանումներից մեկը համալրվել է մինչև ՍՄ3 մակարդակի արդիականացված 3 միավոր Սու–25 գրոհիչներով։

Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ սա տվյալ գրոհիչների 4–րդ մատակարարումն էր ՀՌՇ ստորաբաժանումներ, որ արդյունքում արդիականացված գրոհիչների թիվը ռազմական շրջանում հասնում է 20 միավորի։

Ռուսաստանը մինչև 2021 թվականի նոյեմբեր նախատեսում է ավարտել բանակի սպառազինությունում առկա Սու–25 գրոհիչների արդիականացման ծրագիրը։ Գրոհիչների արդիականացման համար ՌԴ ՊՆ–ն կվճարի շուրջ 2.8 մլրդ ռուբլի (ներկայիս փոխարժեքով մոտ 43 մլն դոլար)։

Սու–25–երի տվյալ արդիականացումը նախ վերաբերում է գրոհիչի պաշտպանական համակարգերի բարելավմանը՝ ճակատային և կողային հատվածները պաշտպանված են 24 մմ հաստության զրահով, ապակիների հաստությունը 55 մմ է։ Ինքնաթիռերը նաև համալրվում են «Վիտեբսկ-25» պաշտպանական և «Սոլտ-25» նշանառման համակարգերով։

Սու-25 գրոհային ինքնաթիռները ստեղծվել են 1970-ականներին և նախատեսված են ցամաքային զորքերի աջակցման համար։ Սու-25-երը կիրառվել են մի շարք զինված հակամարտություններում՝ 1979-1989 թթ. Աֆղանստանի պատերազմից մինչև սիրիական պատերազմ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *