Բաց աղբյուրների ուսումնասիրումից, մասնավորապես՝ սոցիալական ցանցերի ադրբեջանական գրառումներից հայտնի է դարձել Ադրբեջանի ԶՈւ զինծառայող 2001թ․ ծնված Աբբասով Էլշան Աքիֆ օղլուի (Abbasov Elşən Akif oğlu) և ՌՕՈւ մայոր Ռեշադ Աքբերովի (Rəşad Əkbərov) մահվան մասին։ Երկու կորստի մասին էլ ադրբեջանական պաշտոնական աղբյուրները որևէ տեղեկություն չեն հայտնել։
[Թարմացում] Ադրբեջանի ՊՆ-ն «Արմիյա.ազ» լրատվակայքին հաստատել է ՌՕՈւ մայոր Ռեշադ Աքբերովի մահվան մասին լուրը:
Աղջաբեդիի շրջանի բնակիչ Աբբասով Էլշանը դեռ հունվարի 16-ից համարվում էր անհետ կորած։ Ըստ սոցցանցերի գրառումների՝ Աբբասովի դիակը հայտնաբերվել է փետրվարի 12-ին Թովուզի շրջանի Աղդամ գյուղի ուղղությամբ՝ ՀՀ֊Ադրբեջան սահմանի միջդիրքային գոտում։
Նշվում է, որ Աբբասովի մարմինը մասնատված է եղել։ Կան ենթադրություններ, որ Աբբասովը պայթել է միջդիրքային գոտում ականի վրա։ Այնուամենայնիվ՝ Աբբասովի մահվան հանգամանքները մնում են անհայտ։
ՌՕՈւ զորային ավիացիայի մայոր, Ադրբեջանի Սիյազանի շրջանի բնակիչ Ռեշադ Աքբերովը մահացել է սրտի կաթվածից՝ փետրվարի 11-ին:
Նշենք, որ հունվարի 1-ից մինչ օրս Ռազմինֆոյին բաց աղբյուրներից հայտնի է դարձել Ադրբեջանի զինված ուժերի և հարակից ուժային կառույցների 7 կորուստ։