Ռուսաստանը իր բազաները Ղրղզստանում կտեղակայի նոր պայմաններով

Ռուսաստանի Դաշնային խորհուրդը փետրվարի 12–ին հաստատել է Ղրղստանում ռուսական ռազմաբազայի տեղակայման պայմանների փոփոխության մասին փաստաթուղթ։ Ըստ նոր փաստաթղթի՝ Ռուսաստանը ամեն տարի տարածքի վարձակալության համար կվճարի 4.79 մլն դոլար՝ նախկին 4.5–ի փոխարեն։

Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը։ Ռուսաստանի՝ ավելի մեծ գումար վճարելը կապված է Ղրղզստանում տեղակայված «Կանտ» ավիաբազայի տարածքի մոտ 60 հեկտար մեծացմամբ։ Նոր փոփոխություններով Ռուսաստանը նաև իրավունք կստանա ԱԹՍ–ներ տեղակայել ավիաբազայում։

Ղրղզստանում այժմ տեղակայված է 4 ռուսական ռազմաբազա.


• Մայրաքաղաք Բիշկեկից 20 կմ հեռավորության վրա «Կանտ» ավիաբազա։ Ավիաբազան տեղակայված է 2003 թվականից և զինված է Սու-25ՍՄ Գրոհիչներով ու Մի-8ՄՏԲ ուղղաթիռներով։ Բազան օգտագործվում է նաև ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերի կողմից։
• Չալդովար քաղաքի մոտ տեղակայված 338–րդ կապի հանգույցը
• Մայլուու-Սուու քաղաքում 17-րդ ավտոնոմ ռադիոսեյսմիկ կայան
• ՌԴ ԶՈւ ռազմածովային ուժերի փորձարարական 954–րդ բազան Կարակոլ քաղաքում՝ Իսիկ–Կուլ լճի մոտ

Ռազմաբազաներից ամենամեծը «Կանտն» է, որը մեծապես սկսեց համալրվել մարդկային ուժով և զինտեխնիկայով, երբ Ղրղզստանի պահանջով ԱՄՆ–ն 2014 թվականին դուրս հանեց իր ռազմական կոնտինգենտը երկրից։ Սակայն ռազմաբազաների տեղակայման հետ կապված բազմաթիվ անհամաձայնություններ են եղել Ռուսաստանի և Ղրղզստանի միջև, որոնցից կարևորները կշարադրենք ստորև։

Ռուսաստանի ռազմական օբյեկտները Կենտրոնական Ասիայում
Ռուսաստանի ռազմական օբյեկտները Կենտրոնական Ասիայում

2011 թվականին Ղրղզստանը հայտարարեց, որ Ռուսաստանն արդեն 4 տարի չի վճարել տեղակայված ռազմաբազաների վարձը։ Միայն դրանից հետո ՌԴ ՊՆ-ն վճարեց 15,5 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ պարտքը։

2012 թվականին երկու երկրները ձեռք են բերում համաձայնություն, ըստ որի Ռուսաստանը տրամադրելու է մոտ 1 մլրդ դոլարի անհատույց ռազմական օգնություն։ Նշենք, որ Ռուսաստանը պարբերաբար ռազմական տեխնիկա է փոխանցում Ղրղզստանին՝ զրահապատ մեքենաներ, հրետանային համալիրներ, պահեստամասեր, զինամթերք կապի միջոցներ, ինքնաթիռներ ևն։ Վերջին ռազմական օժանդակությունը 2019 թվականին էր, երբ ռուսական կողմը նվիրեց 2 միավոր Մի–8ՄՏ ուղղաթիռներ և 9 միավոր ԲՐԴՄ–2Մ զրահամեքենաներ։

2016 թվականի դեկտեմբերին Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը հայտարարեց, որ Ռուսաստանը պետք է դուրս բերի իր ռազմաբազաները երկրից և, որ ՌԴ նախագահի հետ ձեռք բերած համաձայնությամբ՝ բազաները կմնան ոչ թե 45, այլ՝ ընդամենը 15 տարով և դուրս կբերվի։ Այդ տարի լրանում էր ռազմաբազաների տեղակայման համաձայնագրի նախնական ժամկետը, որից հետո դրանց տեղակայումը պետք է երկրաձգվեր 49 տարով։

Այնուհետև 2017 թվականի փետրվարին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ռուսաստանը պատրաստ է դուրս բերել բազաները, եթե Ղրղզստանը հայտարարի, որ արդեն բավականաչափ ուժեղ է և չունի ռուսական ռազմական ներկայության կարիք։

2017 թվականի հունիսին երկրու երկրների նախագահների հանդիպման արդյունքում Ռուսաստանը ներեց Ղրղզստանի պետական մոտ 240 մլն դոլարի պարտքը, իսկ բազաները մնացին Ղրղզստանում։

2019 թվականի փետրվարին Ռուսաստանում Ղրղզստանի դեսպանը հայտարարեց, որ հնարավոր է Ղրղզստանում ռուսական նոր ռազմաբազայի տեղակայում, իսկ հայտարարությանն ի պատասխան՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարեց, որ իրենք առաջին անգամ են լսում դրա մասին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *