Ռուսաստանի բանակը մինչև 2022 թվականը կհամալրվի 10 միավոր նոր «Ֆորպոստ–Ռ» հետախուզական ԱԹՍ–ներով։ ԱԹՍ–ների գնման պայմանագիրը կնքվել է 2019 թվականի դեկտեմբերին։
Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ փոխնախարար Ալեքսեյ Կրիվորուչկոն։
«Ֆորպոստ–Ռ» ԱԹՍ–ն «Ֆորպոստ» ԱԹՍ–ի արդիականացված տարբերակն է։ «Ֆորպոստը» լայն տարածում ունի ռուսական բանակում, առկա է Հայաստանում տեղակայված ռուսական 102–րդ ռազմաբազայի սպառազինության մեջ, կիրառվել է Սիրիայում ընթացող մարտական գործողությունների ընթացքում։
ԱԹՍ–ներն արտադրում է «Քաղաքացիական ավիացիայի Ուրալյան գործարանը» և, փոխնախարարի խոսքերով, պլանավորվում է այս տարի կնքել նոր պայմանագիր 18 միավոր «Ֆորպոստ–Ռ»–ի գնման համար։
«Ֆորպոստ–Ռ» ԱԹՍ–ն կշռում է մոտ կես տոննա, կարող է մինչև 6000 մետր բարձրության վրա օդում մնալ առավելագույնը 18 ժամ։