Ժնևում մեկնարկել են Լիբիայի հարցով ռազմական հանձնաժողովի աշխատանքները․ ՄԱԿ

Փետրվարի 3-ին Շվեյցարիայի Ժնև քաղաքում անցկացվում է Լիբիայում իրավիճակի կարգավորման համար «5+5» ֆորմատով ստեղծված ռազմական հանձնաժողովի բանակցությունները։

Այս մասին հայտնում է ՄԱԿ֊ի պաշտոնական կայքը։ «5+5» ֆորմատով հանձնաժողովում ընդգրկված են Լիբիայի հակամարտող կողմերից յուրաքանչյուրի 5 բարձրաստիճան սպա, բանակցությունները համակարգում է Ղասսան Սալամեն՝ Լիբիայում ՄԱԿ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչն ու ՄԱԿ առաքելության ղեկավարը։ Այլ մանրամասներ առայժմ չի ներկայացվում։

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին Բեռլինում կայացել էր Լիբիայի հարցով կոնֆերանս, որին բացի Լիբիայում հակամարտող երկու կողմերի ներկայացուցիչներից՝ Խալիֆա Հաֆթարից և Ֆաիզ ալ֊Սարաջից, ներկա էին ԱՄՆ, Թուրքիայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Եգիպտոսի և այլ երկրների առաջնորդներն ու ներկայացուցիչները, ինչպես նաև Եվրոմիության և ՄԱԿ֊ի ներկայացուցիչներ։

Լիբիայի հարցով Բեռլինի կոնֆերանսի մասնակիցները
Լիբիայի հարցով Բեռլինի կոնֆերանսի մասնակիցները

Կոնֆերանսի արդյունքում կողմերը կազմեցին 55 կետից բաղկացած համաձայնագիր, ըստ որի՝ Լիբիայում պետք է հաստատվեր հրադադար, պետք է արգելվեր լիբիական կոնֆլիկտին միջազգային միջամտությունը, մասնակից երկրները պարտավորվում էին հակամարտող կողմերից որևէ մեկին չաջակցել և զինտեխնիկա չմատակարարել։

Համաձայնագրով ստեղծվեց ռազմական հանձնաժողովը «5+5» ֆորմատով՝ ընդգրկելով հակամարտող կողմերի 5-ական ներկայացուցչի, որի նպատակն է Լիբիայում ամբողջական հրադադար հաստատելուն ուղղված բանակցությունների կազմակերպումը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *