Փետրվարի 3-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնել է Ուկրաինա, որտեղ մասնակցելու է Թուրքիա֊Ուկրաինա բարձրաստիճան ռազմավարական խորհրդի 8-րդ համաժողովին։ Այս այցի ընթացքում նախատեսվում է, որ կողմերը կստորագրեն համաձայնագիր, որով Թուրքիան Ուկրաինայի բանակին, կարիքները հոգալու նպատակով, կտրամադրի 200 մլն թուրքական լիրայի չափով օգնություն (~33,4 մլն դոլար՝ փետրվարի 3-ի փոխարժեքով)։
[Թարմացում] Ռուսական պետական «ՌԻԱ նովոստի» լրատվական գործակալությունը, հղում անելով կրկին Անդրեյ Սիբիգային, նշում է, որ օգնությունը լինելու է 200 մլն թուրքական լիրա, սակայն կայքը դա հաշվել է 50 մլն դոլար։[Թարմացում]
Այս մասին հայտարարել է Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Անդրեյ Սիբիգան, փոխանցում է «Սպուտնիկ» գործակալության թուրքական ծառայությունը։
Նախատեսվում է, որ համաժողովից հետո մի շարք պայմանագրեր կստորագրվեն, նաև երկու երկրների նախագահները թուրք֊ուկրաինական բիզնես ֆորումի ընթացքում հանդիպումներ կունենան տարբեր բիզնեսմենների հետ։
Էրդողանին Կիև այցի ընթացքում ուղեկցում են ֆինանսների և գանձապետարանի նախարար Բերաթ Ալբայրաքը, առևտրի նախարար Ռուհսար Փեքջանը, արդարադատության նախարար Աբդուլհամիթ Գյուլը, նախագահի աշխատակազմի հանրային կապերի բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը և մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը։
Նշենք, որ Թուրքիա֊Ուկրաինա բարձրաստիճան ռազմավարական խորհուրդը ստեղծվել է 2011թ․՝ կողմերի միջև համագործակցությունը զարգացնելու նպատակով։ Այս խորհրդի նախորդ համաժողովն անցկացվել է 2018թ․ նոյեմբերին։
Նմանատիպ խորհուրդներ ստեղծվել են Թուրքիայի և նրա մի շարք հարևանների միջև։