Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրել է, որ 2010 թվականին Ադրբեջանի ռազմական ոստիկանությունը խոշտանգել, ապա սպանել է մոլորված ու սահմանը հատած ՀՀ քաղաքացի Մանվել Սարիբեկյանին:
ՄԻԵԴ-ի որոշման մեջ գրված է, որ խախտվել են Սարիբեկյանի իրավունքները կոնվենցիայի 2-րդ (կյանքի իրավունք) և 3-րդ (Խոշտանգումների և անձնական արժանապատվության նվաստացման արգելում) հոդվածներով։
6 կողմ, մեկ դեմ ձայներով որոշվել է, որ Ադրբեջանի իշխանությունները պարտավոր են ընտանիքին վճարել 60 հազար եվրո բարոյական վնասի և 2200 եվրո՝ դատական ծախսերի փոխհատուցման համար։ Նշենք, որ դեմ արտահայտված դատավորը Ադրբեջանի ներկայացուցիչն էր:
Նշվում է, որ մահացածի հարազատները փաստեր են ներկայացրել, որ իրենց որդին մահացել է Ադրբեջանի ռազմական ոստիկանության աշխատակիցների կատարած բռնությունների հետևանքով։ Բացի այդ, Ադրբեջանի իշխանությունները իրենց հերթին հարազատի պնդումները հերքող համոզիչ բացատրություններ չեն տվել։
Թթուջուր գյուղից, հովիվ Մանվել Սարիբեկյանը 2010 թվականի սեպտեմբերի 11-ին մոլորվել էր և հայտնվել Ադրբեջանում: Ադրբեջանի ՊՆ-ն Սարիբեկյանին ներկայացրել էր որպես դիվերսանտ։ Հոկտեմբերի 5-ին Սարիբեկյանը մահացել էր Ադրբեջանի բանտում, ըստ ադրբեջանական կողմի՝ կախվելով։ Ադրբեջանը մեկ ամիս հրաժարվելուց հետո Սարիբեկյանի մարմինը հայկական կողմին է հանձնում նոյեմբերի 4-ին։