Հունվարի 28-29-ին՝ Լիբիայի հարցով բեռլինյան կոնֆերանսում ձեռք բերած համաձայնությունից 10 օր անց, թուրքական երկու ռազմանավ Լիբիա է հասցրել թուրք զինծառայողների, բացի այդ՝ ևս մեկ բեռնատար նավ մատակարարել է զինտեխնիկա։
Այս մասին հայտնել է լիբիական «218» հեռուստաալիքը, փոխանցում է ռուսական պետական «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։
Լիբիական մեկ այլ աղբյուր՝ “Ahmar Libya”֊ն, հղում անելով իր անանուն աղբյուրներին, հայտնել է, որ մատակարարված զինամթերքն ու զինտեխնիկան ուղարկվել է Լիբիայի մայրաքաղաքի մոտակայքում տեղակայված ավիաբազա: Խոսքը, հավանաբար, Տրիպոլիի մոտակայքում գտնվող «Միսրաթա» ավիաբազայի մասին է, որտեղ տեղակայվել էին նաև Թուրքիայից ուղարկված Bayraktar TB 2 անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ)։
Բացի այդ՝ «ՌԻԱ Նովոստի»֊ի փոխանցմամբ՝ “Ahmar Libya”֊ն հունվարի 27-ին հայտնել էր, որ 40 թուրք սպա Afriqya Airways֊ի ինքնաթիռով մեկնել է «Միսրաթա» ավիաբազա։
Նշենք, որ հունվարի 19-ին Բեռլինում կայացել էր Լիբիայի հարցով կոնֆերանս, որին բացի Լիբիայում հակամարտող երկու կողմերի ներկայացուցիչներից՝ Խալիֆա Հաֆթարից և Ֆաիզ ալ֊Սարաջից, ներկա էին ԱՄՆ, Թուրքիայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Եգիպտոսի և այլ երկրների առաջնորդներն ու ներկայացուցիչները, ինչպես նաև Եվրոմիության և ՄԱԿ֊ի ներկայացուցիչներ։
Կոնֆերանսի արդյունքում կողմերը կազմեցին 55 կետից բաղկացած համաձայնագիր, ըստ որի՝ Լիբիայում պետք է հաստատվեր հրադադար, պետք է արգելվեր լիբիական կոնֆլիկտին միջազգային միջամտությունը, մասնակից երկրները պարտավորվում էին հակամարտող կողմերից որևէ մեկին չաջակցել և զինտեխնիկա չմատակարարել։ Բացի այդ՝ նախատեսվում է ստեղծել ռազմական հանձնաժողով «5+5» ֆորմատով՝ ընդգրկելով հակամարտող կողմերի 5-ական ներկայացուցչի։ Լիբիական կողմերից համաձայնագիրն ընդունեց միայն Ֆաիզ ալ֊Սարաջը, իսկ Հաֆթարը չստորագրեց այն։
Այս համատեքստում, հունվարի 29-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մեղադրել էր Թուրքիային Բեռլինում ձեռք բերված համաձայնությունը խախտելու համար։
Լիբիայում 2011թ․ քաղաքացիական պատերազմից հետո այժմ գործում է երկու կառավարություն։ Երկրի արևելքում Տոբրուք քաղաք-կենտրոնով գործող ուժը Աքիլյա Սալեհ Իսայի գլխավորությամբ ընտրվել է 2014-ին և հենվում է գեներալ Խալիֆա Հաֆթարի հրամանատարությամբ գործող «Լիբիայի ազգային բանակի» (Libyan national army) վրա։ Հաֆթարի ուժերը «Ազգային համաձայնության կառավարության» դեմ 2019թ․ ապրիլից վերսկսել են պայքարը։
«Ազգային համաձայնության կառավարությունը» Տրիպոլի քաղաք-կենտրոնով, ՄԱԿ-ի և Եվրոպայի աջակցությամբ 2015 թվականից իշխում է արևմուտքում՝ Ֆաիզ ալ-Սարաջի ղեկավարությամբ: Բացի այս, երկրում գործում են նաև այլ ընդդիմադիր ուժեր:
Թուրքիան աջակցում է Հաֆթարի դեմ կռվող «Ազգային համաձայնության կառավարությանը»: