Ռուսաստանը Թուրքիային Ս-400-ի 120 հրթիռ է մատակարարել. ТАСС

Թուրքիան Ռուսաստանից ստացել է Ս-400-ների երկու դիվիզիոն, ավելի քան 120 զենիթային կառավարվող հրթիռ, ինչպես նաև՝ օժանդակ սարքավորումներ ու պահեստամասեր։

Այս մասին ռուսական պետական ТАСС լրատվական գործակալությանը հայտնել է անանուն աղբյուրը, սակայն «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերությունից չեն մեկնաբանել այս տեղեկությունը։

Աղբյուրը հավելել է, որ համակարգերի ընդունման֊փոխանցման մասին ակտը ստորագրվել է 2019թ․ դեկտեմբերի սկզբին, որով ռուսական կողմից տրվել է 20-ամսյա երաշխիք։

Ս-400-ները Թուրքիայում
Ս-400-ները Թուրքիայում

Ուշագրավ է, որ գործակալության աղբյուրը նշել է՝ Թուրքիայի և Ռուսաստանի միջև ստորագրված պայմանագրով Ս-400-ների մնացած երկու դիվիզիոնի փոխանցման համար արտադրական տեխնոլոգիաների տրամադրում, թեկուզ մասամբ, նախատեսված չէ։

Հիշեցնենք, որ թուրքական կողմը Ս-400-ների առաջին խմբաքանակը ստացավ 2019թ․ հուլիսի 12-ին։ Դրանք այժմ տեղակայված են մայրաքաղաք Անկարայի մոտակայքում՝ «Աքընջը» ավիաբազայում։ Թուրքիան նախատեսում է ռուսական համակարգերը գործարկել այս տարի գարնանը։

Իսկ համակարգերի երկրորդը մասը, թուրքական կողմի պնդմամբ, նախատեսում է որոշ տեխոնոլոգիաների համատեղ արտադրություն, որի շուրջ կողմերը դեռ բանակցում են։

2019թ․ ապրիլին, երբ համակարգերը դեռ չէին մատակարարվել Թուրքիային, թուրքական իշխանամետ «Թուրքիա» թերթը գրում էր, որ 2017թ․ ստորագրված պայմանագրով (ըստ որի Թուրքիան գնելու էր 4 դիվիզիոն) Թուրքիային պիտի մատակարվեր 36 արձակման կայան, 192 հրթիռ: Ըստ աղբյուրի՝ յուրաքանչուր դիվիզիոն ներառում է 9 արձակման կայան, որից ամեն մեկը՝ 4 հրթիռ։ Այսինքն՝ 36 արձակման կայանը միասին ունենալու են 144 հրթիռ, իսկ մնացած 48 հրթիռը լինելու է պահեստային։  

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *