Հունվարի 11-ին Իրանի ԶՈւ ԳՇ֊ն հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, որ հունվարի 8-ի առավոտյան Թեհրանում կործանված ուկրաինական քաղաքացիական ինքնաթիռը խոցվել է իրանական ՀՕՊ֊ի հրթիռից, քանի որ Իրաքում ամերիկյան ռազմաբազաների հրթիռակոծումից հետո Իրանում կարծել են, որ ինքնաթիռն ամերիկյան է և մոտենում է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմական օբյեկտներից մեկին։
ԶՈւ ԳՇ հայտարարությունը փոխանցում է իրանական պետական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը։
Հայտարարության մեջ նշվում է, որ չորեքշաբթի օրը՝ հունվարի 8-ին, Իրանի ԶՈւ ԳՇ֊ն, անկախ Իրանի քաղավիացիայի կազմակերպությունից, հատուկ փորձագիտական հանձնաժողով է ստեղծել ինքնաթիռի վթարի պատճառները հետաքննելու համար։
Նշվում է, որ Իրաքում ԻՀՊԿ կողմից ամերիկյան ռազմաբազաների հրթիռակոծումից ժամեր անց ամերիկյան ինքնաթիռները սկսել են Իրանի տարածքին մոտ թռիչքներ իրականացնել՝ թիրախավորելով Իրանի պաշտպանական կետերը։
Այս պայմաններում իրանական ՀՕՊ-ից, ըստ հայտարարության, պահանջվում էր բարձր զգոնություն, իսկ ուկրաինական քաղաքացիական ինքնաթիռի բարձրությունն ու ուղղությունը, որը մոտ է թռել ԻՀՊԿ ռազմական կետերից մեկին, իրանական ՀՕՊ համար ռազմական թիրախի նման են եղել, ըստ այդմ՝ խոցվել է։
Ռազմինֆոն կարող է հաստատել, որ ուկրաինական ինքնաթիռի խոցման կետի մոտ կա ԻՀՊԿ հրթիռաշինական կենտրոն։
Այդպիսով՝ ուկրաինական ինքնաթիռը Թեհրանի Իմամ Խոմեյնի օդանավակայանից թռիչք կատարելուց հետո շարժիչի այրման պատճառով վթարվել է, և 167 ուղևորն ու անձնակազմի 9 անդամները մահացել են։
Իրանի ԶՈւ ԳՇ հայտարարության մեջ նշվում է, որ ինքնաթիռի խոցման մեղավորները պատժվելու են։
Հիշեցնենք, որ հունվարի 7-ի լույս 8-ի գիշերը ԻՀՊԿ֊ն, որպես այդ կառույցի նախկին հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի սպանության պատասխան, բալիստիկ հրթիռներով հարվածել էր Իրաքում տեղակայված ամերիկյան երկու ռազմաբազայի։
Իսկ դրանից ժամեր անց, հունվարի 8-ի առավոտյան, Թեհրանում վթարվել էր Կիև ուղևորվող ուկրաինական Բոինգ–787-800 քաղաքացիական ինքնաթիռը։
Այս մասին կարող եք կարդալ նաև․