Թուրքիայում Ս-400-ները կգործարկեն ապրիլին, իսկ «Ալթայ» տանկերի համար առայժմ շարժիչ չկա. 2020թ. պլանը

Հունվարի 6-ին Թուրքիայի Պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչության (ՊԱԳՎ) պետ Իսմայիլ Դեմիրը մամուլի ասուլիս է անցկացրել՝ ամփոփելով 2019թ․ արդյունքները և ներկայացնելով 2020թ․ սպասվելիք իրադարձությունները։

Ասուլիսի ընթացքում Դեմիրի հիմնական հայտարարությունները փոխանցում է թուրքական «Միլլիյեթ» թերթը։

«Ալթայ» թուրքական տանկերը.

Իսմայիլ Դեմիրը հայտարարել է, որ թուրքական արտադրության «Ալթայ» տանկերի համար (“Altay”) դեռևս շարժիչ չի գտնվել, թեպետ դեռ 2018թ․ նոյեմբերին, երբ թուրքական BMC ընկերության հետ ստորագրվել էր տանկերի սերիական արտադրության պայմանագիր, նշվում էր, որ առաջին տանկերը Թուրքիայի զինված ուժերին կմատակարարվեն 2020թ․՝ պայմանագրի կնքումից 18 ամիս անց։

Այժմ ՊԱԳՎ պետը հայտարարում է, որ հստակ ժամկետներ չկան, առաջին տանկը պատրաստ կլինի միայն շարժիչը գտնելուց 18 ամիս անց։

Թուրքական BMC ընկերությունը ներկայացրել է «Ալթայ» Т1 տանկի նախատիպը
Թուրքական BMC ընկերությունը ներկայացրել է «Ալթայ» Т1 տանկի նախատիպը

Ս-400 ռուսական ՀՕՊ համակարգերը.

Ըստ Դեմիրի՝ Ս-400-ների առաջին խմբաքանակը Թուրքիայում կգործարկվի ապրիլին։ Երկրորդ խմբաքանակի համար Դեմիրը հստակ ժամկետներ չի նշում, քանի որ դրա համար նախատեսվում է ռուսական կողմի հետ համատեղ արտադրություն։ Դեռևս բանակցությունների փուլում է։

Ս-400-ները Թուրքիայում
Ս-400-ները Թուրքիայում

F-35 ամերիկյան կործանիչները.

Դեմիրը հայտարարել է, որ թուրքական կողմը չի ընդունում [ԱՄՆ– Ռազմինֆո խմբ.] միակողմանի որոշումները և ցանկանում է մնալ F-35 կործանիչների ծրագրում։

Թուրքիայի համար նախատեսված առաջին F-35-ը. մայիս 2018 թ.
Թուրքիայի համար նախատեսված առաջին F-35-ը. մայիս 2018 թ.

Հիշեցնենք, որ 2019թ. հուլիսին ԱՄՆ-ն հայտարարեց, որ Թուրքիան հեռացվելու է F-35 կործանիչների արտադրության ծրագրից՝ ռուսական Ս-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերը գնելու համար։ Վերջնաժամկետը նշանակված է 2020թ․ մարտը։

Ռուսական Սու-35 կործանիչների մասին.

Ըստ Իսմայիլ Դեմիրի՝ ռուսական կողմից Թուրքիային ՍՈւ-35-երի վաճառքի առաջարկ է եղել, որն այժմ քննարկվում է թուրքական կողմում, սակայն այդ ուղղությամբ հստակ զարգացում չկա։

SAMP-T ՀՕՊ համակարգերի արտադրություն.

2017թ․ նոյեմբերի Թուրքիան, Իտալիան և Ֆրանսիան պայմանագիր էին ստորագրել, ըստ որի նախատեսվում էր ֆրանս–իտալական Eurosam ընկերության հետ SAMP-T ՀՕՊ համակարգերի հիմքի վրա արտադրել նոր համակարգեր, սակայն այժմ ՊԱԳՎ պետ Դեմիրը հայտարարել է, որ Ֆրանսիայի քաղաքական տեսակետներն ազդում են գործարքի վրա և հնարավոր է, որ այն շարունակվի մեկ այլ գործընկերոջ (հնարավոր է Իտալիայի) հետ։

ֆրանս-իտալական համատեղ արտադրության ՍԱՄՊ/Տ (SAMP/T) զենիթահրթիռային համակարգ
ֆրանս-իտալական համատեղ արտադրության ՍԱՄՊ/Տ (SAMP/T) զենիթահրթիռային համակարգ

Նշենք, որ դատապարտելով 2019թ. հոկտեմբերի 9-ին Սիրիայում թուրքական ԶՈւ սկսած «Խաղաղության ակունք» (“Barış pınarı”) գործողությունը, Ֆրանսիան ժամանակավորապես արգելափակել է Թուրքիային սպառազինության, այդ թվում՝ հրթիռների մատակարարումը։

Իսմայիլ Դեմիրի թվարկած 2020թ. Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության ոլորտում սպասվող իրադարձություններից մի քանիսը.

  • 2020թ․ վերջին «Աքընջը» (“Akıncı”) հարվածային ԱԹՍ-ները կմատակարարվեն Թուրքիայի զինված ուժերին;
  • Փորձարկումներից հետո սկսելու է  «Աթաք» (T129 “Atak”) հարվածային ուղղաթիռների արդիականացված “Atak Faz-2” ուղղաթիռների մատակարարումը;
  • Կսկսեն արդիականացված «Քարգու-2» (“Kargu-2”) մահապարտ մինի ԱԹՍ–ի մատակարարումները;
  • Կսկսեն ֆիքսված թևերով «Ալփագու» (“Alpagu”) ԱԹՍ-ների մատակարարումները;
  • Ցամաքային ուժերի կարիքների համար «Հիմնական ուսումնական ուղղաթիռների» ծրագրի շրջանակներում կստորագրվի պայմանագիր;
  • 2020թ․ վերջին կմատակարարվեն «Անադոլու» (TCG Anadolu) բազմանպատակային ունիվերսալ դեսանտային նավերը;
  • Կմատակարարվի փորձարկումների ու ուսումնական «Ուֆուք» նավը (TCG Ufuk)։
Թուրքական «Աքընջը» ԱԹՍ-ները
Թուրքական «Աքընջը» ԱԹՍ-ները

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *