Սիրիական Ռաս ալ-Այնում մեքենայի պայթյունից 4 թուրք զինծառայող է սպանվել

Հունվարի 8-ին Սիրիայի հյուսիսարևելյան Ռաս ալ-Այն շրջանում, որը Թուրքիայի ԶՈւ-ն գրավել էր 2019թ․ հոկտեմբերի 9-ին սկսված թուրքական «Խաղաղության ակունք» գործողությամբ, մեքենայի պայթյունից սպանվել է 4 թուրք զինծառայող։

Այս մասին հայտնում է թուրքական իշխանամետ «Հյուրիեթ» թերթի պաշտոնական կայքը՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը։ Նշվում է, որ պայթյունը եղել է ստուգումների ժամանակ, երբ թուրք զինծառայողները մոտեցել են մեքենային։

Հիշեցնենք, որ «խաղաղության ակունք» գործողությունը ուղղված էր Սիրիայի հյուսիսարևելյան շրջաններում քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների» (YPG) և «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (SDF) դեմ։ Ակտիվ գործողություններն, ըստ էության, դադարեցին հոկտեմբերի 22-ին՝ ռուս-թուրքական հուշագրի արդյունքում, ըստ որի՝ քրդական ուժերը պետք է հետ քաշվեին 30 կմ խորությամբ ու ազատեին նաև Մանբիջն ու Թել-Ռիֆաթը։

Դրանից հետո թուրք-սիրիական սահմանի Սիրիայի հատվածում 10 կմ խորությամբ, թուրքական գործողության շրջանների արևմուտքում և արևելքում, բացառությամբ՝ Ղամիշլիի, ռուս-թուրքական զորքերն սկսելու էին համատեղ պարեկային ծառայություններ։

Այս ռազմագործողության արդյունքում թուրքական զինված ուժերն իրենց վերահսկողության տակ վերցրին սիրիական Թել Աբյադից մինչև Ռաս ալ-Այն ընկած տարածքը՝ մոտ 30կմ խորությամբ, ինչն էլ Թուրքիան որակել էր որպես «անվտանգության գոտի իր սահմանի մոտ՝ ազատված քրդական ահաբեկչական միավորումներից»։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *