Իրաքը ցանկանում է Ս–300 ԶՀՀ–ներ գնել

Պաշտոնական Բաղդադը վերականգնել է Ռուսաստանից Ս–300 ԶՀՀ–ներ գնելու մտադրությունը։ Ս–300–ներ ձեռք բերելու գաղափարը մի քանի ամիս առաջ Իրաքի Հաշդ-ալ-Շաաբի ուժերի բազայի վրա հարձակումներից հետո է առաջացել։

Այս մասին հայտնել է Իրաքի կառավարության անվտանգության հանձնաժողովի ղեկավար Մուհամադ Ռիդան՝ հավելելով, որ ղեկավարությունը հավանություն է տվել այս նախագծին, սակայն իրեն հայտնի չէ թե գործարքն ինչ փուլում է։ Փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։ Պաշտոնյան նաև մտահոգություն է հայտնել, որ ԱՄՆ–ն կփորձի խանգարել հնարավոր գործարքի կնքմանը։

Օրերս՝ հունվարի 3–ին, Իրաքում ԱՄՆ ավիահարվածներից զոհվել էին Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) Ղոդս ստորաբաժանման հրամանատար գեներալ-մայոր Ղասեմ Սոլեյմանին և Իրաքի Հաշդ-ալ-Շաաբի ուժերի հրամանատար Աբու Մահդի ալ-Մուհանդիսը։

Ռուսական ՀՕՊ համակարգ ձեռք բերելու ցանկություն Իրաքը վաղուց ունի։ Մասնավորապես 2018 թվականին, ըստ իրաքյան al-sura կայքի, Ս–400 ԶՀՀ–ների գնման համար բանակցելու համար արաբական երկրից Ռուսաստան էր ժամանել պատվիրակություն։ Այս բանակցությունները ԱՄՆ–ի ճնշման տակ չշարունակվեցին։

2019 թվականին էլ, avia-pro պորտալի փախանցմամբ, Իրաքը հայտարարել էր, որ պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետ Ս–300 ԶՀՀ–ներ գնելու համար, եթե ԱՄՆ–ն հրաժարվի ՀՕՊ միջոցներ վաճառել երկրին։

Ս-300 ԶՀՀ
Ս-300 ԶՀՀ

Հիշեցնենք, որ 2012 թվականին Իրաքն ու Ռուսաստանը ստորագրել էին 42 միավոր Պանցիր–Ս1 համալիր և 36 միավոր Մի–28ՆԷ հարվածային ուղղաթիռներ գնելու պայմանագիր՝ ընդհանուր 4.2 մլրդ դոլարի արժողության։ Հետագայում փոխադարձ պայմանավորվածությամբ Իրաքը Մի–28ՆԷ–երի քանակի նվազեցման հաշվին ձեռք բերեց նաև Մի–35 ուղղաթիռներ։ Պանցիր–Ս1–երի առաջին խմբաքանակը Իրաքը ստացել էր 2014 թվականին։

Իրաքի զինված ուժերի նոր ստացած Պանցիր-Ս1 զենիթահրթիռային համալիրն ու Իգլա-Ս զենիթահրթիռային համալիրը
Իրաքի զինված ուժերի նոր ստացած Պանցիր-Ս1 զենիթահրթիռային համալիրն ու Իգլա-Ս զենիթահրթիռային համալիրը

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *