Հունվարի 8-ին իրանական կողմը հրթիռակոծեց Իրաքի Ալ-Ասադ ավիաբազան, որտեղ տեղակայված էր ԱՄՆ ԶՈւ-ն: Հարվածներից հետո արբանյակային լուսանկաներով զբաղվող Planet Labs ընկերությունը հրապարակեց բազայից նկարներ, որոնց հիման վրա հնարավոր է քիչ թե շատ հասկանալ հարվածները:
Դատելով արբանյակային լուսանկարներից՝ բազայի տարածքում երևում է հրթիռային հարվածի 6 կետ, երևում է նաև ևս 2 կետ, որոնք հնարավոր է լինեն հրթիռային հարվածի հետևանք, սակայն մենք չենք կարող հաստատել դա. այդ երկու կետը լուսանկարում նշված են դեղինով:
Լուսանկարն ավելի լավ որակով՝ այստեղ:
Ինչ վերաբերում է կորուստներին, ապա, ըստ մեր գնահատականի, խոցվել ու վնասվել է առնվազն միջին չափի 11 անգար, սակայն հայտնի չէ, թե ինչ տեխնիկա է կայանված եղել ներսում, կամ ընդհանրապես տեխնիկա եղել է թե՝ ոչ: Խոցված տեխնիկայի նմանվող պատկեր երևում է միայն անգարներից մեկի դիմաց:
Պատկերը ավելի լավ հասկանալու համար բազայի խոցված հատվածը պայմանականորեն բաժանել ենք 3 մասի՝ արևմտյան, կենտրոնական և արևելյան:
Արևմտյան մաս
Այս հատվածում երևում է խոցված 3 անգար, ևս մեկ օբյեկտ ամբողջությամբ փլուզվել է ստորին հատվածում: Հայտնի չէ, թե ինչ է եղել ներսում, սակայն հավանական է, որ սրանք կարող էին ծառայել ԱԹՍ-ների պահպանման համար՝ մանավանդ, որ այս անգարների հարևանությամբ ԱԹՍ-ներ նկատվել են արբանյակային լուսանկարներում: Հարևանությամբ կայանված են նաև ուղղաթիռներ, դրանց վնասը ևս հայտնի չէ:
Կենտրոնական մաս
Կենտրոնական մասում երևում է հարվածի 3 կետ, որտեղ խոցվել է 4 անգար և ևս մեկ օբյեկտ աջ մասում, որը նման է մեքենաների համար ծածկված կայանատեղիի: Դրա հարևանությամբ գտնվող անգարի դիմացը հարվածից հետո երևում է 3 միավոր MQ-9 ԱԹՍ: Հատկանշական է, որ Սոլեյմանիի շարասյան խոցման վարկածներից մեկով՝ հրթիռը արձակվել էր հենց այս մարտական ԱԹՍ-ից:
Այս անգարի դիմաց և հարակից մասում MQ-9 մարտական ԱԹՍ-ներ նկատվել են նաև 2019թ. հոկտեմբերին արված արբանյակային լուսանկարում:
Արևելյան մաս
Կենտրոնական մասում երևում է, որ ամբողջությամբ ավերվել է 1 անգար և վնասվել՝ հարևան երկու անգարները: Խոցված անգարի դիմաց լուսանկարում երևում է ծխացող կետ, որը հնարավոր է լինի խոցված տեխնիկա: Դիմացի հրապարակում կայանված է 2 միավոր ԱԹՍ և 4 միավոր Bell Boeing V-22 բազմանպատակային ուղղաթիռ, որոնց վնասի չափը ևս հայտնի չէ:
Բազայի հարավային մասում են տեղակայված ինքնաթիռների համար ամրացված անգարներ, որոնց վրա հրթիռային հարվածներ գրեթե* չեն ուղղվել, փոխարենը թիրախավորվել են այն հատվածները որտեղ երևացել են ԱԹՍ-ներ կամ ուղղաթիռներ:
* Այդ անգարներից միայն մեկի մոտ կա հրթիռային հարվածի հավանական կետը, որը մենք այս պահին հաստատել չենք կարող: Առաջին լուսանկարում այդ կետը նշված է դեղինով։
Իրանական կողմից արձակված հրթիռների քանակը, ըստ տարբեր տեղեկությունների (1, 2) , տատանվում է 17-ից մինչև 24: Ըստ AlMonitor-ի թղթակից Ջեք Դեթչի՝ իրեն ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունից հայտնել էին, որ ընդհանուր արձակվել է 15 հրթիռ, որից՝ 10-ը Այն ալ-Ասադի, 1-ը էրբիլի ուղղությամբ, 4-ն էլ չեն հասել թիրախներին: Washington Post-ի Բաղդադի թղթակցի փոխանցմամբ՝ Իրաքի բանակի տվյալներով՝ արձակվել է 22 հրթիռ՝ 17-ը Այն ալ-Ասադի, 5-ը էրբիլի ուղղությամբ: