«Ռուսաստանում ասել են, որ կփորձեն Իդլիբում 24 ժամում դադարեցնել հակամարտությունը». Իբրահիմ Քալըն

Թուրքիան սպասում է, որ Սիրիայի Իդլիբում հրադադար կլինի, Ռուսաստանում ասել են, որ կփորձեն 24 ժամում դադարեցնել հակամարտությունն ու կառավարական ուժերի հարձակումները։ Այս մասին դեկտեմբերի 24-ին, մամուլի ասուլիսում հայտարարել է Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը։

Նշենք, որ դեկտեմբերի 22-ին Թուրքիայի ԱԳ փոխնախարար Սեդաթ Օնալի գլխավորությամբ մի պատվիրակություն էր մեկնել Մոսկվա՝ Իդլիբի հարցով բանակցելու, քանի որ Թուրքիայում պնդում են, որ «Իդլիբում շարունակվող հակամարտության պատճառով դեպի Թուրքիա սիրիացի փախստականների մեծ հոսք է սկսել, որոնց մասին Անկարան միայնակ չի կարող հոգ տանել»։

«Նկատում ենք, որ Իդլիբում կառավարական ուժերի խախտումներն աճում են։ ․․․ Ռուսական կողմին շատ կոշտ մեսիջ ենք տվել։ ․․․ Մեր պատվիրակությանն ասել են, որ կփորձեն 24 ժամվա ընթացքում դադարեցնել հակամարտությունը և կառավարական ուժերի հարձակումները։ ․․․ Սպասում ենք, որ դա իրականացվի նոր հրադադարի միջոցով։ Հակառակ դեպքում Իդլիբի համաձայնագիրը կխախտվի, իսկ դեպի Թուրքիա փախստականների ալիք կսկսի։ Ավելորդ ենք համարում նշել, որ այստեղ ռուսական կողմի պատասխանատվությունն ավելի մեծ է»,– նշել է Քալընը։

Հիշեցնենք, որ 2018թ․ սեպտեմբերի 17-ին Սոչիում Ռուսաստանի և Թուրքիայի միջև ստորագրվեց «Իդլիբում իրավիճակի կարգավորման» հուշագիր, ըստ որի՝ Սիրիայի կառավարական ուժերի և ընդդիմադիրների միջև սահմանի 15-20 կմ խորությամբ պետք է ստեղծվեր ապառազմականացված գոտի, որտեղ պարեկություն պետք է իրականացնեին ռուս–թուրքական ուժերը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *