ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը՝ Պենտագոնը, թուրքական մի շարք ընկերությունների հետ պայմանագրեր է կնքել Ադանա քաղաքում տեղակայված «Ինջիրլիք» ավիաբազայում շինարարական աշխատանքներ իրականացնելու, մասնավորապես` ռազմական նշանակության ենթակառուցվածքներ կառուցելու համար։
Այս մասին գրում է ռուսական պետական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը, հղում անելով Պենտագոնի մամլո ծառայությանը։ Նշվում է, որ գործարքների ընդհանուր արժեքը 95 մլն դոլար է։
Ըստ աղբյուրի՝ պայմանագրեր կնքվել են թուրքական ութ ընկերության հետ։ Շինարարական աշխատանքների վերջնաժամկետը 2024թ․ դեկտեմբերի 31 է։
Հիշեցնենք, որ ռուսական Ս-400 ՀՕՊ համակարգերը գնելու համար ԱՄՆ–ից անընդհատ ստացվող սպառնալիքներից և ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունումից հետո, դեկտեմբերի 15-ին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնաց անհրաժեշտության դեպքում փակել թե՛ «Ինջիրլիք» ավիաբազան, թե՛ Քյուրեջիքի ՆԱՏՕ-ի ռադիոլոկացիոն կայանը։
Նշենք, որ «Ինջիրլիք»–ում այժմ տեղակայված է ԱՄՆ ռազմաօդային ուժերի 39-րդ ավիացիոն թևը։ Այստեղ են տեղակայվում նաև ՆԱՏՕ անդամ երկրների ՌՕՈւ ինքնաթիռները և ՀՕՊ միջոցները: Թուրքիայի և Գերմանիայի միջև ծագած խնդիրներից հետո 2017թ-ին գերմանական կողմը բազայից դուրս էր բերել իր ռազմական ինքնաթիռները: