Դեկտեմբերի 21-ին Լիբիայի արևելյան Դերնա ծովափնյա քաղաքի ափերի մոտ գեներալ Խալիֆա Հաֆթարի գլխավորած «Լիբիայի ազգային բանակը» ստուգման նպատակով կանգնեցրել է Գրենադայի դրոշով մի նավ, որի անձնակազմի երեք անդամները թուրք են եղել։
Այս մասին «Ռոյթերս» միջազգային լրատվական գործակալությանը հայտնել է «Լիբիայի ազգային բանակի» մամուլի խոսնակ Ահմեդ Միսմարին։ Նավը ստուգման համար տարվել է Լիբիայի հյուսիսային Ռաս ալ–Հիլալ նավահանգիստ։ Թուրքական աղբյուրները գրում են, որ նավով նավթ էր տեղափոխվում։
Դեպքը կարևոր է, քանի որ «Լիբիայի ազգային բանակի» հակառակորդ «Լիբիայի ազգային համաձայնության» ժամանակավոր կառավարությունը համարվում է Թուրքիայի հովանավորյալը և մոտ մեկ ամիս առաջ այդ կողմերի միջև ստորագրվել էր ռազմական համագործակցության համաձայնագիր։
«Անվտանգության և ռազմական համագործակցության» մասին համաձայնագիրը ստորագրվել էր նոյեմբերի 27-ին։ Այն Թուրքիայի Ազգային Ժողովը վավերացրեց դեկտեմբերի 16-ին։ Ըստ դրա՝ Լիբիական կողմի ցանկության դեպքում Թուրքիան կարող է զորք ուղարկել այդ երկիր։
Հիշեցնենք, որ համաձայնագրի վավերացումից երեք օր առաջ՝ դեկտեմբերի 13-ին, «Լիբիայի ազգային բանակը» Տրիպոլիում խոցել էր թուրքական Bayraktar TB 2 տեսակի 1 ԱԹՍ։
Բացի այդ՝ ավիահարվածներ էր հասցվել նաև Միսրաթայի ավիացիոն ակադեմիայի ուղղությամբ՝ «Ազգային համաձայնության կառավարության» ուժերի դեմ՝ թիրախավորելով այդ օրն առավոտյան Ստամբուլից Միսրաթա ուղարկված թուրքական ԱԹՍ֊ների նոր կազմը։
Հավելենք, որ 2011թ-ին Լիբիայում սկսվել է քաղաքացիական պատերազմ, գահընկեց է արվել երկրի ղեկավար Մուամմար Քադաֆին, ով ղեկավարում էր ավելի քան 40 տարի։ Լիբիայում քաղաքական ճգնաժամը շարունակվում է մինչ օրս:
Այս պահին երկրում գործում է երկու կառավարություն: Երկրի արևելքում Տոբրուք քաղաք-կենտրոնով գործող ուժը Աքիլյա Սալեհ Իսայի գլխավորությամբ ընտրվել է 2014-ին և հենվում է երկրի կառավարական բանակի վրա: Լիբիայի ազգային բանակը (Libyan national army) ղեկավարում է Խալիֆա Հաֆթարը, որի գլխավորությամբ էլ մյուս՝ «Ազգային համաձայնության կառավարության» դեմ 2019թ․ մայիսից վերսկսվել է պայքարը, ինչը համարվում է Լիբիայի երկրորդ քաղաքացիական պատերազմը։
«Ազգային համաձայնության կառավարությունը» Տրիպոլի քաղաք-կենտրոնով, ՄԱԿ-ի և Եվրոպայի աջակցությամբ 2015 թվականից իշխում է արևմուտքում՝ Ֆաես ալ-Սարաջեմի ղեկավարությամբ: Բացի այս, երկրում գործում են նաև այլ ընդդիմադիր ուժեր: