Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր էջում այսօր «Տոռ-Մ2ԿՄ» զենիթահրթիռային համակարգերի ֆոնին լուսանկար է տեղադրել։ Վարչապետը չի հայտնել գնված համակարգերի քանակի մասին, իսկ նկարից պարզ է միայն, որ համակարգերը մոնտաժված են «Կամազ» ավտոմոբիլային շասսիի վրա։
Նշենք, որ հայկական բանակը վաղուց էր լուրջ հետաքրքրված «Տոռերով»։ Դրանց գնման մասին խոսակցությունները ժամանակ առ ժամանակ ակտիվանում էին, այդ թվում՝ «Զինուժով»։ «Տոռերի» մասին խոսել են նաև նոր իշխանությունները։ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի խոսքերով գնման պայմանագիրը ստորագրվել է «Արմիա-2019» ֆորումի ժամանակ։
Ի՞նչ է իրենից ներկայացնում այս համակարգը։
Իրականում «Տոռը» ոչ թե մեկ զենիթահրթիռային համակարգ է, այլ՝ զենիթահրթիռային համակարգերի ընտանիք, ինչն առհասարակ բնորոշ է հակաօդային պաշտպանության ռուսական համակարգերին։ Իր կենսագրությունն այդ ընտանիքը սկսում է 1972–83 թվականներից և այս ընթացքում ստեղծվել են ամենատարբեր մոդիֆիկացիաներ։ Դրանց առանձին-առանձին չենք անդրադառնա, նշենք միայն, որ հայկական 9Մ331ՄԿՄ «Տոռ-Մ2ԿՄ» մոդելն ընտանիքի ամենաառաջադեմ և թարմ ներկայացուցիչն է, որն առաջին անգամ ներկայացվել է 2013թ․-ին։ Առանձին ընդգծենք, որ մեր համար շատ կարևոր է, որ համակարգերն ավտոմոբիլային շասսիի վրա են, ինչը մեծացնում է դրանց մոբիլությունը և հեշտացնում հետագա շահագործումը։
«Տոռ» համակարգերը նախատեսված են կարճ տարածությունների վրա ցանկացած տիպի օդային թիրախներ խոցելու համար, այդ թվում՝ ԱԹՍ-ներ, ավիառումբեր, թևավոր հրթիռներ ևն։ Օդային թիրախները կարող են հայտնաբերվել մինչև 32 կմ հեռավորության, խոցվել 1–15կմ հեռավորության և 10 մետրից մինչև 10 կմ բարձրության վրա։
Համակարգի մարտկոցը կազմված է սովորաբար 4–6 ավտոնոմ մարտական մոդուլներից (յուրաքանչյուրը՝ 8 հրթիռով), որոնցից ամեն մեկը կարող է ինքնուրույն մարտ վարել; տեղափոխման-լիցքավորման մեքենաներ; տեխնիկական սպասարկման միջոցներ ևն։
Հակաօդային պաշտպանությունը սովորաբար կազմակերպվում է էշելոնավորված․ գերփոքր հեռավորություններից մինչև մեծ հեռավորություններ։ Այս համակարգերի ձեռք բերումով էապես ուժեղանում է մեր երկրի ՀՕՊ-ի փոքր հեռահարության էշելոնը, և հատկապես ավելի արդյունավետ կդառնա պայքարը թշնամու ԱԹՍ-ների դեմ։ (Իհարկե, երբ ասում ենք «էապես ուժեղանում է», պիտի հաշվի առնել, որ այս պահին հայտնի չի, թե քանի համակարգ է գնվել)։ Ռազմինֆոյի սեփական գնահատմամբ հայկական բանակին անհրաժեշտ է առնվազն 2–3 մարտկոց և հույս ունենք, որ եթե անգամ հիմա այդքան չի գնվել, տեսանելի ապագայում դա կարվի։ Եվ, իհարկե, ավանդաբար, նոր համակարգերին դեռ սպասվում է մարտական հերթապահության կանգնելու և մարտունակ ստորաբաժանում դառնալու փուլը, բայց դա արդեն զուտ ժամանակի հարց է։
Հիշենք նաև, որ Հայաստանը հետևողականորեն ձեռք է բերում նաև ժամանակակից դյուրակիր զենիթահրթիռային համակարգեր․ «Իգլա-Ս» և «Վերբա»։ Այսպիսով, այս պահին արդեն տեղին է մտածել նաև, թե ինչ է անհրաժեշտ անել «Տոռերի» գնումից հետո՝ որպես հաջորդ քայլ (2–3 մարտկոց համալրելուց հետո կամ դրան զուգահեռ)։
Ինչպես նշեցինք, հակաօդային պաշտպանությունը լինում է էշելոնավորված և ողջամիտ ու տրամաբանական է փոքր հեռավորությունների էշելոնն ուժեղացնելուց հետո մտածել նաև միջին հեռավորությունների մասին։ Այս էշելոնում, մեր կարծիքով մեզ լրացուցիչ անհրաժեշտ են «Բուկ» զենիթահրթիռային համակարգեր, մասնավորապես 9Կ317 «Բուկ-Մ2» տարբերակը։ «Բուկ-Մ2»-ը փոքր ու միջին հեռահարության համակարգ է։ Այն կարող է խոցել տարբեր տիպի հրթիռներ մինչև 20–26կմ և ինքնաթիռներ ու ուղղաթիռներ մինչև 50 կմ հեռավորության ու մինչև 15–25 կմ բարձրության վրա։ Բացի այդ, համակարգն ի տարբերություն նախորդների, ունի փուլային անտենային ցանցով (ФАР, Phased Array Antenna) ռադիոլոկացիոն կայան, ինչն էապես բարձրացնում է «Բուկի» արդյունավետությունը։ Կարևոր է, որ ինչպես և «Տոռերը», «Բուկերը» նույնպես կարող են գործել ինչպես առանձին, այնպես էլ՝ ստորաբաժանման կազմում։
Այսպիսով, սա իսկապես շատ սպասված և կարևոր ձեռքբերում է ու լավ հիմք է հայկական ՀՕՊ հետագա արդիականացման ու զարգացման համար։