Դեկտեմբերի 14-ին Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը պաշտոնական այցով մեկնել է Կատար, որտեղ մասնակցել է մայրաքաղաք Դոհայում տեղակայված թուրքական ռազմաբազայի նոր շտաբի բացմանը։
Այս մասին հայտնում է Թուրքիայի ՊՆ պաշտոնական կայքը։ Աքարին այցի ընթացքում ուղեկցել է նաև Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետ Յաշար Գյուլերը։
Բացման արարողության ավարտին Աքարի և Կատարի պաշտպանության նախարար Հալիդ Բին Մուհամմադ ալ–Աթթիյեի գլխավորությամբ ստորագրվել է համագործակցության արձանագրություն։ Կողմերի միջև եղել է նաև առանձին հանդիպում։
Նշենք, որ 2019թ․ օգոստոսին թուրքական մեդիայում տեղեկություններ տարածվեցին, որ Կատարում բացվելու է թուրքական երկրորդ ռազմաբազան, որի կառուցումն, ըստ այդ տեղեկությունների, արդեն ավարտվել էր։ Նոր ռազմաբազան պետք է տեղակայված լինի Դոհայի ռազմաբազայի մոտակայքում։ Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ ռազմաբազայի բացումը սպասվում էր այս աշնանը՝ Թուրքիայի նախագահի և Կատարի էմիրի մասնակցությամբ, սակայն այս մասին դեռևս տեղեկություններ չկան։
Հիշեցնենք, որ 2015-ին Թուրքիան և Կատարը կնքել են ռազմական կրթության, ռազմական արդյունաբերության և Կատարում թուրքական ռազմաբազա տեղակայելու մասին պայմանագիր: Իսկ 2016-ին Կատարի և Թուրքիայի կառավարությունները կնքել են Կատարում թուրքական ռազմաբազա տեղակայելու վերաբերյալ «իրականացման համաձայնագիրը» (implementation agreement):
2017-ի հունիսին այս համաձայնագիրը վավերացրել են Թուրքիայի խորհրդարանը և նախագահը: Համաձայնագրի վավերացումից անմիջապես հետո Թուրքիան սկսել է զորքեր և զինտեխնիկա ուղարկել Կատարի թուրքական ռազմաբազա: