Վրաստանի նախագահ․ «Վրաստանը չունի բանակ»։ Իսկ ի՞նչ ունի

Դեկտեմբերի 11-ին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին իր ելույթներից մեկում հայտատարել էր, որ «Մենք չունենք ոչ բանակ, ոչ զենք: Չենք էլ ունենալու»։ Թեև նախագահի հայտարարությունը այլաբանություն էր, սակայն այն երկրի ներսում քննադատության պատճառ դարձավ։

Զուրաբիշվիլիի հայտարարությունը, իրականում, այլ ենթատեքստ ուներ, նա նկատի ուներ, որ իրենց զենքը գիտությունը, կրթությունը և մշակույթն են: Այնուամենայնիվ՝ փորձենք հակիրճ ներկայացնել Վրաստանի բանակի հիմնական՝ ցամաքային ուժերի կառուցվածքը, զորամասերը։ 

Ըստ էության՝ վրացական բանակի հիմքը 4 մոտոհրաձգային և 2 հրետանային բրիգադներն են, որոնք բաշխված են Վրաստանի ԶՈւ Արևելյան և Արևմտյան հրամանատարությունների միջև: Կան նաև կենտրոնական ենթակայության զորամասեր։ Ինչ վերաբերում է զորքի քանակին, ապա վրացական օրենսդրությամբ այն չի կարող գերազանցել 37000-ը:

Մոտոհրաձգային բրիգադներից առնվազն 3-ի ստորաբաժանումները մեկ տեղակայման վայրում չեն. այդ բրիգադների ստորաբաժանումները ցրված են երկրի տարբեր վայրերով: Հոդվածում առանձին չենք անդրադառնում այդ բրիգադների կազմում գործող ստորաբաժանումներին: Չենք անդրադառնում կենտրոնական ենթակայության մանր ստորաբաժանումներին, նաև ՀՕՊ և ավիացիոն միջոցներին (ընդհանրապես հասկանալի չէ, թե վերջինիս սակավ միջոցներից որ մասն է շահագործման ենթակա):  

Արևելյան հրամանատարություն. այս միավորման կազմում են գործում 1-ին մոտոհրաձգային բրիգադը, 4-րդ մեխանիզացված բրիգադը, 5-րդ հրետանային բրիգադը, ինժեներական բրիգադ, ինպես նաև կապի առանձին վաշտ:

1-ին բրիգադի շտաբը Գորի քաղաքում է, սակայն այս բրիգադը, օրինակ՝ գումարտակներ ունի նաև Մցխեթայում և Ախալցխայում: 4-րդ մեխանիզացված բրիգադը և 5-րդ հրետանային բրիգադը տեղակայված են իրար մոտ՝ Վազիանիում: 5-րդ բրիգադի սպառազինությունում կան 122մմ տրամաչափի «Գռադ» և իսրայելական 160մմ տրաամաչափի LAR 160 ՀԿՌՀ-ներ, ինչպես նաև քարշակվող հրետանային միջոցներ: Հրետանային ստորաբաժանում կա նաև 4-րդ մեխանիզացված բրիգադի կազմում, որը համալրված է 122մմ տրամաչափի «Գվոզդիկա» ինքնագնաց հրետանային համակարգերով: 

Արևմտյան հրամանատարություն. այս միավորման կազմում են գործում 2-րդ և 3-րդ մոտոհրաձգային բրիգադները, 6-րդ հրետանային բրիգադը, ինչպես նաև ինժիներասակրավորային գումարտակ, կապի առանձին վաշտ և պոլիկլինիկա:

2-րդ բրիգադը տեղակայված է Սենակիում, 3-րդը՝ Քութաիսիում, սակայն այս բրիգադը ունի գումարտակ նաև Բաթումի քաղաքում: 6-րդ հրետանային բրիգադը տեղակայված է Խոնի բնակավայրի հարևանությամբ, սպառազինությունում կան 152մմ տրամաչափի ինքնգանաց «Դանա» և «Ակացիա» հրետանային համակարգեր, 122մմ տրամաչափի RM 70 ՀԿՌՀ-ներ, ինչպես նաև քարշակվող հրետանային միջոցներ: 

Վրաստանի բանակի մաս են կազմում նաև «Հատուկ գործողությունների ուժերը»: Հայտնի է, որ այս ստորաբաժանման կազմում կան հատուկ նշանակության գումարտակ, հատուկ նշանակության ծովային ջոկատ, «Ռենջեր» գումարտակ, որը ունի արագ արձագանքման գործառույթ, ինչպես նաև անջակցման գումարտակ: 

Պատերազմական իրավիճակում կարող է համալրվել նաև Վրաստանի Ազգային գվարդիան, որի բաղկացած է 10-րդ և 20-րդ կադրային բրիգադները: 

Ավելի պատկերավոր նկարագրելու համար, ըստ մեր գնահատականի, ներկայիս վիճակում Վրաստանի բանակի ներուժը քիչ թե շատ համեմատելի է, օրինակ, Ադրբեջանի ԶՈւ 3-րդ կորպուսի հետ, որի ստորաբաժանումները ամենամոտն են Վրաստանին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *