Օրվա ամփոփում. Սաքունցը որդու համար նորմալ բանակ է ուզում: Թուրքիան պատասխան է պահանջել Իրանից

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն Արցախում հանդիպել է Բակո Սահակյանի հետ. քննարկվել են տարածաշրջանային անվտանգության հարցեր: Այսօր կայացած ասուլիսում բանավեճ-երկխոսություն է ծավալվել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի և «Խաչակիր»  ՀԿ-ի խորհրդի նախագահ Գագիկ Սարուխանյանի միջև:
Ադրբեջանը շարունակում է մարդասպան Ռամիլ Սաֆարովին վերադարձնելու փորձեր ձեռնարկել: ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի հրամանատարի նկատմամբ: Թուրքիան Իրանից սպառնալիքների համար պատասխան է պահանջել:

Մեջբերեմ մի քանի հատված՝ այսօր կայացած Սաքունց-Սարուխանյան ասուլիսային հանդիպումից:

  • «Զորակոչի կարգավորումը չի կարող որակական փոփոխությունների հանգեցնել, եթե ծառայության հոգեբանությունը չփոխվի: Ես ինքս որդի ունեմ եւ կցանկանայի, որ նա մեզ համար ցանկալի բանակում ծառայեր»,- նշել է Սաքունցը:
  • Այն որ եկող սերունդները պետք է ծառայեն ավելի կայացած բանակում՝ համաձայնել է նաև Սարուխանյանը և հավելել. «Բանակը միայն հայելին է ընդհանուր հասարակութան, իսկ հասարկությունը փտած է: Պետք է սկսել դպրոցներից, զբաղվել երեխաների, ապագա զինվորների մոտ հայրենասիրական ոգու մշակմամբ»:
  • «Բազմիցս նշել եմ, որ համակարգային փոփոխություններ են պետք, համակարգն է փտած, որ միջադեպերը կնվազեն, եթե վերանա կոռուպցիան, ահազանգերի դեպքում պատշաճ քննություն անցկացվի, մահվան ելքով միջադեպերի դեպքում կատարվի պատշաճ նախաքննություն և պատժվեն իրական մեղավորները»,- հարցազրույցում հավաստիացրել է Սաքունցը, իսկ Սարուխանյանը Սաքունցին խորհուրդ է տվել չկոտրել բանակի ոգին:

Ադրբեջանի գերագույն դատարանի նախագահ Ռամիզ Ռզաեւը հայտարարել է, որ հայ սպա Գուրգեն Մարգարյանին Հունգարիայում կացնահարած Ռամիլ Սաֆարովի էքստադիցիայի հարցը Ադրբեջանի եւ Հունգարիայի երկկողմ որոշելիք խնդիրն է, սակայն Հունգարիան դեռևս հրաժարվում է մարդասպանին հանձնել Ադրբեջանին: Թեման նաև news.am և haynews.am լրատվական կայքերում:

Միջազգային լուրերից.

  • ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել իրանցի երկու հրամանատարի նկատմամբ՝  սառեցնելով բոլոր հաշիվները, որոնք հրամանատարները կարող են ունենալ ԱՄՆ-ում: Պատժամիջոցների առիթ է հանդիսացել Թեհրանի նախագահական ընտրություններից հետո հակակառավարական ցույցերի ճնշումը, որի ժամանակ մարդիկ են սպանվել:
  • Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմետ Դավութօղլուն զանգահարել է իր իրանցի պաշտոնակից Ալի Աքբար Սալեհիին` պահանջելով պարզաբանել Իրանի խորհրդարանի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Հուսեյն Իբրահիմի հայտարարությունը, թե Իրանը ցանկացած գրոհի դեպքում հարված կհասցնի ՆԱՏՕ-ի` Թուրքիայում տեղակայված ՀՀՊ-ին: Ըստ նույն աղբյուրի՝ Սալեհին նշել է, թե դա անձնական կարծիք է եղել և չի արտացոլում կառավարության դիրքորոշումը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *