BBC–ի արձագանքն Ադրբեջանի 2017թ. արտադատարանական մահապատիժներին

Նոյեմբերի 27-ին BBC լրատվական գործակալության ռուսաստանյան ծառայությունը գրել է Ադրբեջանում 2017թ․ մայիսին իրականացված արտադատարանական մահապատիժների մասին, նշելով, թե գործի մանրամասներն ի հայտ են եկել միայն 2019թ․։ Իրականում Ռազմինֆոն այս թեման լուսաբանում է դեռ 2017թ․ մայիսից սկսած։

2017թ․ մայիսին Ադրբեջանի ուժային կառույցները հայտարարեցին քաղաքացիական և զինվորական անձանցից կազմված «լրտեսական ցանց» բացահայտելու մասին, նշելով, որ այդ անձինք լրտեսել են Հայաստանի համար։ Այս գործի շրջանակներում Թարթառի զորամասերից մեկում զինվորականներից շատերին խոշտանգումների ենթարկելով սպանեցին։

Կարճ ժամանակ անց սկսեցին սպանվածներին արդարացնել և հակառակը՝ խոշտանգումներն իրականացրած զինվորականների նկատմամբ սկսեց դատական գործընաց, ոմանց 2 տարի անց՝ 2019-ի հունվարի 31-ին, Թարթառի ռազմական դատարանը դատապարտեց ազատազրկման:

BBC–ին, հղում անելով Ադրբեջանում ընդդիմադիր իրավապաշտպան Օքթայ Գյուլալիևին, նշում է, որ «Լրտնեսների գործի» շրջանակներում խոշտանգումների է ենթարկվել 101 անձ, որից 9-ը սպանվել են։ Բացի այդ՝ խոշտանգումների են ենթարկվել, իսկ այնուհետև պետական դավաճանության համար դատապարտվել մոտ 25 անձ։

Ռազմինֆոյին այս ընթացքում բաց աղբյուրների ուսումնասիրությունից հայտնի է դարձել 13 անձանց մասին, որոնցից 12-ը (1-ի անունը անհայտ է) սպանվել էին, ևս մեկի ճակատագիրն անհայտ է (1234, 5, 6

Բացի այդ՝ դատական գործից Գյուլալիևի հրապարակած փաստաթղթերից Ռազմինֆոյին հայտնի էր դարձել նաև խոշտանգումների գործով տուժող անձանց անվանացանկ, որտեղ ի թիվս այլ անձանց, ովքեր ամենայն հավանականությամբ ևս զինվորականներ են, կա ռազմական հանցագործ Ֆերզալիև էլնուր Գազանֆար օղլուն, ով գլխատել էր ապրիլյան պատերազմում զոհված Քյարամ Սլոյանին։ 

ռազմական հանցագործ Էլնուր Ֆերզալիևի անունը Թարթառի ռազմական դատարանի փաստաթղթում՝ որպես տուժող
ռազմական հանցագործ Էլնուր Ֆերզալիևի անունը Թարթառի ռազմական դատարանի փաստաթղթում՝ որպես տուժող

BBC–ին հայտնում է, որ դատապարտվածների թվում են Նաթիգ Գուլուզադեն, ում նախ խոշտանգումների են ենթարկել, այնուհետև դատապարտել 18 տարվա ազատազրկման՝ պետական դավաճանության համար, և Ֆաիք Ահմեդով Ալիբեյը, որը դատապարտվել է 20 տարվա ազատազրկման։

Նշենք նաև, որ 2017թ հոկտեմբերի 23-30–ը Եվրոպական խորհրդի «Խոշտանգումների կամ պատիժը կրելու ընթացքում արժանապատվության ոտնահարման ու անմարդկային վերաբերմունքի կանխարգելման» հանձնաժողովը ստուգումներ էր անցկացրել Ադրբեջանի տարբեր բանտերում ու հարցաքննել ձերբակալված մի շարք անձանց։

2018թ հուլիսի 18-ին հանձնաժողովը հրապարակեց քննությունից ստացված իր զեկույցը, ըստ որի՝ 2017թ ապրիլի վերջին Ադրբեջանի մի քանի ուժային կառույցների, մասնավորապես Պետական մաքսային հանձնաժողովի, Պետական սահմանապահ ծառայության և զինված ուժերի կողմից ձերբակալվել են մոտ 20 զինծառայող, որոնք տարվել են Թարթառի շրջակայքում արդեն չգործող զորամասեր, այնտեղ պահվել են մոտ 2-12 օր։ 12 օրվա ընթացքում ձերբակալվածները պահվել են մերկ՝ միայն անդրավարտիքներով, կապկպված և աչքերը փակ, ենթարկվել են հարցաքննության և դաժան տանջանքների (էլեկտրահարել, եղունգներ քաշել, վառել, ջրախեղդ անել, զրկել քնելու, ուտելու և խմելու հնարավորությունից) այնքան ժամանակ, ինչքան դիմացել են: Ձերբակալվածները նաև ստիպված են եղել երկար ժամանակ պառկել սառը ու թաց գետնին։

Թարթառի զորամասերում պահվելուց հետո ձերբակալվածներին տեղափոխել են Մինգեչաուրի շրջանի չօգտագործվող զորամասեր, որտեղ պահվել են ևս 2 օր և նորից ենթարկվել տանջանքների ռազմական ոստիկանության կողմից։

Զեկույցում նշվում է, որ գործով հարցաքննվել են Բաքվի, Գյանջայի, Նախիջևանի և Շաքիի բանտերում պահվող 13 անձ, որոնցից երևում էր, որ վերջիններս մեծ հոգեբանական ճնշման են ենթարկվել (օրինակ՝ էմոցիոնալ նեղվածության նշաններ)։ Հանձնաժողովի ներկայացուցիչները այցելել են նաև ՊՍԾ ստորաբաժանումներ։


Հավելենք, որ «Լրտնեսների գործն» ակտիվ լուսաբանող ընդդիմադիր իրավապաշտպան Օքթայ Գյուլալիևը 2019թ․ հոկտեմբերի 29-ին վրաերթի է ենթարկվել և այժմ կոմայի մեջ է, վիճակը գնահատվում է ծանր։ Նրան բուժման նպատակով տեղափոխել են Թուրքիա։ Ուշագրավ է, որ բուժման ամբողջ ծախսը հոգում է Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի ղեկավարած Հեյդար Ալիևի անվան հիմնադրամը։

Գյուլալիևի գործընկերները չեն բացառել, որ վրաերթը կարող էր պատվիրված լինել Ադրբեջանի իշխանությունների կողմից։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *