Վրացական «Դելտա»-ն վերականգնում է ավիաշինական գործարանը

Վրաստանի ՊՆ «Դելտա» պետական ռազմական-գիտատեխնիկական կենտրոնը «Թբիլավիամշենի» գործարանի տարածքում վերականգնում է ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող տարբեր կայանքներ ու հաստոցներ, որոնք անհրաժեշտ են ավիաշինության ու մեքենաշինության համար։

Այս մասին հայտնում է վրացական Georgian Business Consulting լրատվակայքը։

Նշվում է, որ վերանորոգվելու են արտադրական, մետալուրգիական, զոդման գծերը և բոլոր այն արտադրական գծերը, որոնք դադարել էին գործել 2010թ․։

Ըստ աղբյուրի՝ կառուցվելու է նաև զրահամեքենաների արտադրության նոր ձեռնարկություն։

Նշենք, որ Վրաստանի պաշտպանության նորանշանակ նախարար Իրակլի Գարիբաշվիլին հայտարարել էր, որ Վրաստանի համար ավիաշինությունն ունի ռազմավարական նշանակություն, և հատկապես պետք է վերականգնել Թբիլիսիի ավիացիոն գործարանը, որտեղ ժամանակին արտադրվել են ավիացիոն միջոցներ։

«Դելտա» պետական ռազմական գիտահետազոտական կենտրոնը ստեղծվել է 1993 թվականին՝ ՊՆ ենթակայության տակ՝ երկրի ուժային կառույցների համար անհրաժեշտ արտադրանք տալու համար։

«Դելտան» արտադրում է զրահապատ մեքենաներ, ԱԹՍ-ներ, ականանետեր, ինչպես նաև արդիականացնում և մոդիֆիկացնում է զինտեխնիկա։ 2014-ի մարտի 10-ին Վրաստանի կառավարության որոշմամբ՝ «Դելտա» գիտահետազոտական կենտրոնը պաշտպանության նախարարությունից անցել էր էկոնոմիկայի նախարարության ենթակայության տակ։ Իսկ 2015 թ. ապրիլի 8-ից այն դարձյալ ՊՆ ենթակայության տակ է։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *